Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարությունը Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ  

ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարություն է տարածել Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ և առաջարկել հրավիրել ավագանու ոչ պաշտոնական նիստ:

Ստորև ներկայացնում ենք այդ հայտարարության տեքստը.

՛՛Հարգելի վանաձորցինե´ր,

2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրության արդյունքում Վանաձորում ձևավորվեց ավագանի, չնայած ընտրական գործընթացն իր ծրագրային, բանավեճային մեթոդներով և գործիքներով առանձնապես աչքի չընկավ:

Մինչդեռ այդ հնարավորությունը կար, քանզի առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընդամենը պետք է հարազատ քաղաքի հիմնախնդիրների լուծման նպատակով առողջ բանավիճեին, համատեղ լուծումներ գտնեին և անցնեին դրանց իրագործմանը: Ցավոք, դա տեղի չունեցավ. ավելին՝ համայնքի կառավարման ճգնաժամը շարունակվում է արդեն 2 ամիս: Սա խոսում է այն մասին, որ համամասնական ընտրական ձևաչափը դեռևս քննություն ունի հանձնելու առնվազն ՏԻՄ մակարդակում:

Հասկանալի է, որ Վանաձորում դեռևս վաղ է խոսել կուսակցական (թիմային) ինստիտուտի կայացման մասին. դրա համար տարիներ են անհրաժեշտ, նույնիսկ երկրի մակարդակով է համակարգը չձևավորված: Ավելորդ անգամ համոզվեցինք, որ կուսակցությունները հանուն իրենց նեղ կուսակցական հավակնությունների, մեղմ ասած, կարող են զոհաբերել համայնքի, տվյալ դեպքում հանրապետության 3-րդ քաղաքի շահերը:

ՀՅ Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտեն կոչ է անում ավագանու կազմում ներգրավված բոլոր կուսակցություններին՝ կշեռքի նժարին դնել Վանաձորի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման շահերը և սեփական կուսակցական նեղ շահերը` Երևանյան պրիզմայով անդրադարձված՝ որոշելու համար դրանցից հանրորեն օգտակարն ու առավել հրատապը: Բոլորս ապրում ենք Վանաձորում, և այս պարագայում անտարբերությունը և քայլեր չձեռնարկելը հավասարազոր է թշնամության, մանավանդ երբ հաշվի ենք առնում նաև երկրի առջև կանգնած արտաքին և ներքին մարտահրավերները:

Վանաձորը պետք է օր առաջ կերպարանափոխվի: ՀՅԴ Վանաձորի կոմիտեն, այսպիսով, համոզված է, որ նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներն առավելապես արհեստական զարգացումների հետևանք էին, և հետևություններ պետք է անեն բոլորը՝ և՛ ՀՀԿ-ն, և՛ ԼՀ – ՀՎԿ - ԲՀԿ` Երևանում ձեռք բերված փխրուն հուշագրի արդյունքում այդպես էլ չձևավորված դաշինքը:

 Ի վերջո, տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության նպատակով սեփական պատասխանատվությամբ գործող համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունք ու կարողություն է և պետք է հնարավորինս խուսափել համայնքային խնդիրների լուծման մեջ երևանյան- միջամտություններից:

Բացի այդ, ըստ ՀՀ ՏԻՄ օրենքի, ավագանու մեծամասնությունն է իր բաց քվեարկությամբ հաստատում քաղաքի զարգացման ծրագիրը, համայնքային բյուջեն, իսկ քաղաքապետը հետևում է այդ որոշումների կատարմանը: Ուստի և ճիշտ կլինի օգտվել համագործակցության հուշագրի արդյունքում Ձեր ձեռք բերած 18 մանդատ ունենալու առավելությունից և կյանքի կոչել քաղաքը զարգացնող Ձեր ծրագիրը, նրան համապատասխանող Ձեր բյուջեն և հետևել դրա իրականացմանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտեն, վեր կանգնելով բոլոր անձնախնդիր հարթակներից, մտահոգ հարազատ քաղաքի կառավարման հարցով, առաջարկում է հետևյալ քայլերը.

1. Հրավիրել ավագանու ոչ պաշտոնական նիստ (ցանկալի է՝ առանց ԶԼՄ-ների ներկայացուցիչների), խոսել իրավիճակի մասին փակ դռների ետևում, գտնել լուծումներ և հանդես գալ հայտարարությամբ: Որպես ընդունվելիք որոշման նախագիծ կարող է լինել ավագանու պաշտոնական նիստի հրավիրումը՝ կողմերի փոխադարձ պարտավորություններով, խաղի կանոնների հստակեցմամբ:

Վստահ ենք, որ վանաձորցին կհասկանա և կընդունի ցանկացած առողջ որոշում, եթե այն հանունի ոգով է և ոչ թե ընդդեմի:

Ընդունված հայտարարության մեջ կարող են լինել նաև բանակցությունների արդյունքում ձեռք բերված այլ պայմանավորվածություններ:

ՀՅԴ ավագանու խմբակցությունը կողմ կքվեարկի բոլոր այն նախագծերին, որոնք կնպաստեն Վանաձորի զարգացմանը՝ անկախ այն բանից, թե ո՛ր կուսակցության ներկայացուցիչներն են դրանց հեղինակները: ՀՅԴ խմբակցությունը հանդես կգա նաև իր կոնկրետ առաջարկներով:

2. Ավագանին պետք է հենվի ամբողջ Վանաձորում, ինչպես նաև Վանաձորից դուրս գտնվող վանաձորցիների` ակտիվ, երիտասարդ, հեղինակավոր, հայտնի, հնաբնակ մասնագետների/մարդկանց վրա: Պետք է մոռանալ նախընտրական, ընտրական և հետընտրական բոլոր բացասական զարգացումները և համայնքային կառավարման նոր մշակույթի սկիզբ դնել. համենայն դեպս՝ վանաձորցին դա է ակնկալում բոլորից:

3. Առաջիկայում պետք է հայտարարել մի քանի մրցույթներ` ակնկալելով քաղաքի զարգացման համար լավագույն և ինքնատիպ լուծումներ և դրանց ֆինանսավորման աղբյուրներ: Այս առումով պետք է օգտագործել բոլոր հնարավոր լծակները՝ կառավարություն, սփյուռք (պետք է ստեղծել սփյուռքում ապրող վանաձորցիների տվյալների շտեմարան և նրանց ներգրավել քաղաքի կառավարման գործընթացներում՝ ստեղծելով նպաստավոր բիզնես պայմաններ):

ՀՅԴ Վանաձորի քաղաքային կոմիտեն պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ` այս համատեքստում, և հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին ՀՅԴ Վանաձորի գրասենյակ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Վանաձորի քաղաքային կոմիտե՛՛:


_________________________________________________________

Armweeklynews.am [09.12.2016]
ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարությունը Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  ԵԱՀԿ  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
  ԼՐԱՀՈՍ  
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ [09.12.2016]
Կքննարկվի բանկերի հնարավոր աշխատանքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին [08.12.2016]
ԱԱԾ. Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա [08.12.2016]
Իսկ եթե Թուրքիան որոշի դրամով գնել 1915-21 թթ մեր սրբությունների սեփականության իրավունքը [07.12.2016]
Աղետի գոտի. 550 ընտանիք դեռևս անօթևան է [06.12.2016]
Սփյուռքը 2 մլն եվրոյով կմասնակցի ՔՀ ձևավորմանը [06.12.2016]
«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի հոգեհանգստի արարողությանը ոչ ոք չի ուզում մասնակցել [05.12.2016]
500 եվրոանոց թղթապանակների մասին. արտաքին անվստահությունը վտանգում է պետականությունը [03.12.2016]
Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր [03.12.2016]
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի երեք կարևոր խոստումներն աշխարհի համար [02.12.2016]
Արդար դատերու քաջարի պաշտպանի եւ ներշնչող հրապարակախօսի իր կենդանի ոգին [30.11.2016]