Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Չօգտագործվող ներուժ - հայազգի լրագրողներ միջազգային մամուլում  

Ձեռքիս տակ է ամերիկյան մամուլում աշխատող հայազգի լրագրողների ոչ ամբողջական մի ցուցակ, որն իմ խնդրանքով ու մեր ավագ գործընկեր Երվանդ Ազատյանի հանձնարարությամբ պատրաստել է անգլիալեզու մեր ամենահեղինակավոր շաբաթաթերթիՙ Armenian Mirror-Spectator-ի խմբագիր Ալին Գրիգորյանը: Արդարեւ, ոչ ամբողջական, բայց տպավորիչ ցուցակ:

Անուններՙ որոնցից թերեւս շատ քչերին է ծանոթ հայ հասարակությունը, բացառությամբ Boston Globe թերթի նախկին խմբագիր, լրագրության ասպարեզում ամենահեղինակավորՙ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ստիվ Քյուրքչյանի եւ մեծազդեցիկ Washington Post-ի խմբագիրներից Դեյվիդ Իգնեյշըսի (Իգնադիոսյան), որին ծանոթանալու պատեհությունն ստեղծվեց նախորդ տարիՙ Ռուբեն Վարդանյանի Idea խմբի Երեւանում կազմակերպած միջազգային «Ավրորա» հանդիսության ընթացքում: Մեկ էլՙ Bloomberg-ի նախկին աշխատակից Լարա Սեդրակյանի` նույնպես նրա երեւանյան այցից: Որոշ նկատառումներով զերծ եմ մնում մնացյալների անունները նշելուց, առայժմ:

Սակայն ինչպիսի՜ լրատվամիջոցներում են մերոնք աշխատում. Wall Street Journal, New York Times, Los Angeles Times, CNN, Fox, NBC News, New York Daily News, CNBC, Politico եւ այլք: Այսինքնՙ ամերիկյան քարոզչամեքենայի գրեթե բոլոր առաջատարները: Ու պատկերացնել, ինչպես նշվում է ցուցակին կից նամակում, որ դեռ շատ ուրիշ անհայտ անուններ կան, հատկապես կանայք, որոնք ամուսնանալուց սովորաբար փոխում են ազգանունները:

Իսկ ինչքան անուններ կան եվրոպական, կանադական, Լատինական Ամերիկայի, ռուսաստանյան եւ արաբական լրատվամիջոցներում: Եվ ինչքան հայազգի լրագրողներՙ միջազգային լրատվական գործակալություններում, որոնցում սովորաբար աշխատակիցները չեն ստորագրում: Թերեւս գիտենք միայն Le Mond Diplomatique-ում ստորագրող վերլուծաբան Վիգեն Չըթերյանի, «Ալ Ջազիրայի» անգլիական տարբերակում աշխատող Փոլ Չատըրճյանի, կամ կիպրոսյան Financial Mirror-ի գլխավոր խմբագիր ու սեփականատեր Մասիս Տեր-Բարթողի, ինչպես նաեւ RT-ի անգլերեն տարբերակի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի, RT-ի Վաշինգտոնի թղթակից Գայանե Չիչակյանի, «Կոմերսանտի» վերլուծաբան Նատալյա Գեւորգյանի եւ մի քանի այլ անուններ:

Իսկ ո՞վ է ամբողջական ցուցակներ պատրաստելու: Ու մանավանդՙ ո՞վ է զբաղվելու նրանցով, կապ պահելու, մեր պետական եւ ազգային գործերի բարձրաձայնման մեջ ներգրավելու նրանց, տեւական ու կանոնավոր հարաբերություններ մշակելու նրանց հետ: Անշուշտ, նրանց հետ աշխատանքը ո՛չ մոտիկից, ո՛չ էլ հեռվից բոլորովին նման չէ այն աշխատանքին, որը սովոր է մեր համապատասխան գերատեսչությունը անել երկու տարին մեկ- հրավեր, հավաք, հայրենասիրական ճառ, պտույտ, քեֆ-ուրախություն....

Մեր պետական կառույցները սիրում են հայկական կազմակերպված գաղթօջախների, կայացած կառույցների, այս պարագայումՙ հայկական լրատվամիջոցների ու լրագրողների հետ աշխատել միայն: Մինչդեռ միջազգային ասպարեզում գործող լրագրողների հետ աշխատանքը ենթադրում է պրոֆեսիոնալ, լուրջ, բոլոր պարագաներումՙ ոչ հանդիսանքային, հաճախ նաեւ խորհրդապահական աշխատանք: Ո՞վ է անելու դա:

Չմոռանանք նաեւ, որ տեղեկատվական կարեւորագույն մեկ այլ ուղղությունն էլ օտարազգի լրագրողների հետ աշխատանքն է, առաջին հերթին այն լրագրողների, ովքեր հայության հետ նույնիսկ ընկերական կապ չունենալով հանդերձ, ահա՛ տասնամյակներ շարունակ միշտ ուշադիր են եղել մեր պահանջներին, ի տարբերություն այլոցՙ առանց նավթադոլարների, խավիարի եւ հարեմների, պարզապես հանուն ճշմարտության: Նրանցից առաջինը` The Independent-ի Ռոբերտ Ֆիքսն է, անկասկած:

Այո, ապրում ենք գլոբալացող աշխարհում, որտեղ ունենք մեր խնդիրները, մեր շահերը: Իսկ այդ աշխարհի տեղեկատվական, քարոզչական ներվերը գտնվում են միջազգային լրատվամիջոցների ու լրագրողների ձեռքում: Իսկ այդ ձեռքերը չեն պարզված դեպի մեզ ու չեն էլ պարզվի:

Մնում է, որ մե՛նք գնանք նրանց ընդառաջ եւ աշխատենք, սկսելով հայազգի լրագրողներից:



ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ՕՐԵՐԻ ՀԵՏ- ԱԶԳ օրաթերթ

_________________________________________________________

Armweeklynews.am [11.12.2016]
Չօգտագործվող ներուժ - հայազգի լրագրողներ միջազգային մամուլում
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Vekilime Dokunma  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher  Լևոն Տեր-Պետրոսյան  ԵԱՀԿ  Վանաձոր Քիմպրոմ Bandar Abbas ConIFA Լիբանան  Շանթ   Նաիրա Զոհրաբյան  Maybrit Illner  ermeni soykırımı  Vanadzor Technology Center - VTC  
Հակոբ Ավետիքյան
  ԼՐԱՀՈՍ  
ՀՅԴ Վանաձորի կոմիտեի հայտարարությունը Վանաձորի ավագանու հետընտրական իրավիճակի վերաբերյալ [09.12.2016]
Մաքսային նոր օրենսգրքի ընդունումը կլինի ընդամենը ՛՛լեզվի վաժանք՛՛ [09.12.2016]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ [09.12.2016]
Կքննարկվի բանկերի հնարավոր աշխատանքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին [08.12.2016]
ԱԱԾ. Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է քաղաքապետարանի պաշտոնյա [08.12.2016]
Իսկ եթե Թուրքիան որոշի դրամով գնել 1915-21 թթ մեր սրբությունների սեփականության իրավունքը [07.12.2016]
Աղետի գոտի. 550 ընտանիք դեռևս անօթևան է [06.12.2016]
Սփյուռքը 2 մլն եվրոյով կմասնակցի ՔՀ ձևավորմանը [06.12.2016]
«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի հոգեհանգստի արարողությանը ոչ ոք չի ուզում մասնակցել [05.12.2016]
500 եվրոանոց թղթապանակների մասին. արտաքին անվստահությունը վտանգում է պետականությունը [03.12.2016]
Դեկտեմբերի 3-ը` Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր [03.12.2016]