Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ

 

  Արսինե Խանջյանի պատասխանը Սերժ Սարգսյանին. ես հենց դա եմ ասում  

Կանադահայ հռչակ ունեցող և սիրված դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սփյուռքի անհատներին և կառույցներին՝ կոչ անելով որպես դիտորդներ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում 2017թ․ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում և նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

Արսինե Խանջյանն օրեր առաջ միացել է սփյուռքյան անհատների, այդ թվում՝ Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և մյուսների՝ change.org-ում նախաձեռնած ստորագրահավաքին, որի նպատակն է Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը և ժողովրդավարության հաստատումը։ Արսինե Խանջյանի նամակը թարգմանաբար ներկայացված է ստորև։
 
2016թ. հուլիսի 27-ին Երևանում ժողովրդավարական իրավունքների և սոցիալական ու քաղաքական բարեփոխումների համար ցույցի ընթացքում ես բերման ենթարկվեցի:

Այս կամայական, չարդարացված ձերբակալությունը ինձ ստիպեց գիտակցել, որ որպես դերասան և իրավապաշտպան՝ իմ պարտավորությունն է բարձրաձայնել այն հարցերը, որոնք կարևոր են Հայաստան հայրենիքում կայունության, միասնության և հարատև կենսունակության տեսանկյունից: Ես նաև հասկացա, որ մենք ուշացել ենք հայրենիքում Սփյուռքի ներգրավվածության բնույթը վերագնահատելու հարցում:

Անկախության 25-րդ տարում Հայաստանն առերեսվում է սոցիալական, քաղաքական և տնտեսական մեծ մարտահրավերների, որոնք խոչընդոտում են հանրապետության կենսունակությունը: Երկրի առաջ ծառացած են ահռելի ներքին խնդիրներ՝ պայմանավորված համակարգային կոռուպցիայով, նեպոտիզմով և օլիգարխիկ տնտեսությամբ, երբ իշխանությունն ու հարստությունը կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքում:

Օրենքի առջև բոլորի հավասարության բացակայությունը և սոցիալական առաջընթացի սահմանափակումները՝ զուգորդված խոսքի և մտքի ազատության, ինչպես նաև քաղաքացիական ազատությունների ու իրավունքների ճնշումներով, ավելի են բարդացրել հանրապետության առանց այդ էլ անտանելի իրավիճակը:

Մտահոգիչ այլ գործոններ էլ կան, որոնք սրում են Հայաստանի ներքին և արտաքին խնդիրները: Բնական պաշարների բացակայությունը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակումը և թշնամական քաղաքականությունը, տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքականությունը, սահմանին «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, որն ուղեկցվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում շարունակական միջազգային ճնշումներով,- այս բոլորը կասեցնում են հայկական զույգ հանրապետությունների հանդեպ միջազգային հետաքրքրությունը:

Այս հանգամանքները հասցրել են գոյութենական փակուղու, երբ հանրության անվստահությունը, դժգոհությունն ու վախը՝ զուգորդված անբավարար տնտեսական և սոցիալական բարեկեցությամբ, հանգեցրել են անհնազանդության և ցասման հուսահատ գործողությունների:

Փակուղային այս իրադրությունը և 2016թ. ապրիլի սկզբին ադրբեջանական անսպասելի հարձակումը, որի արդյունքում ավելի քան հարյուր զինծառայող զոհվեց և 800 հեկտար հող կորսվեց, հանգեցրին նրան, որ 2016թ. հուլիսի 17-ին զինված մի խումբ գրավեց ոստիկանության գունդը։ Դա քաղաքական միջոցներով փոփոխության հասնելու ապարդյուն ջանքերից հետո վերջին հանգրվանն էր:

Եթե ավելի հակիրճ՝ Հայաստանի քաղաքացիները համընդհանուր թերահավատություն ունեն սեփական իշխանությունների նկատմամբ և այլևս չեն հավատում, որ իրենց երեխաներն ու թոռները կարող են պատմական հայրենիքում ունենալ կայուն և ապահով կյանք ու ապագա:

Հարյուր հազարավոր մարդիկ չեն վստահում իշխող վերնախավին և կասկածի տակ են դնում նրանց սահմանադրական լեգիտիմությունը: Ավելի քան մեկ միլիոն մարդ կամ բնակչության մեկ երրորդը ընտրել է երկրից հեռանալու տարբերակը, ինչը հանգեցրել է զանգվածային արտագաղթի և հայրենիքից լավագույն ուղեղների արտահոսքի: Որպես հետևանք՝ վտանգված է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյությունն ու անվտանգությունը:

Քաղաքացիներն ու քաղաքացիական կազմակերպությունները, որոնք տեղում պայքարում են անարդարությունների դեմ, ութ միլիոնանոց Սփյուռքին և նրա կառույցներին ուշադրության, մասնակցության և աջակցության կոչ են անում:

Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիներն ու Սփյուռքի նրանց բազմաթիվ հայրենակիցներ պահանջում են ազնիվ և հիմնարար բարեփոխումներ իրականացնել այդքան դյուրաբեկ հանրային պայմանագրում՝ իշխանության և այն ժողովրդի միջև, որին նա կոչված է ներկայացնել: Նրանք փոփոխությունների կոչ են անում՝ ամոքելու երկրի ախտերն ու անհաջողությունները, որոնք բոլորն էլ պետական ինստիտուտների՝ բոլոր մակարդակներում համակարգային չարաշահումների հետևանք են:

Հայաստանի հայրենակիցներս ինձ կրկին ու կրկին կոչ են անում, որ Սփյուռքը նույնպես պատասխանատվություն ստանձնի և ուշադրություն դարձնի այս խնդիրներին՝ իր նպաստը բերելով անհանդուրժելի և պայթյունավտանգ մթնոլորտի առողջացման նրանց ջանքերին:

Ինչպե՞ս կարող է Սփյուռքը ուղղակիորեն և արդյունավետ մասնակցել Հայաստանում սոցիալական և քաղաքական ներկապնակի դրական փոփոխություններին:

Դրա արդյունավետ ճանապարհը մարդու իրավունքների, քաղաքացիական իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությունն է: Սփյուռքի անհատների և կազմաերպությունների անկախ կամավորների պարզ քայլը կլինի այցը Հայաստան 2017թ․ գարնանը՝ խրախուսելու և վերահսկելու երկրում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացումը։

Տեղում ներգրավվածությունը՝ ի աջակցություն մեր հայրենակիցների, պետք է լինի յուրաքանչյուր հայի և աշխարհում հայկական կառույցների առաջնահերթությունը՝ Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար:

Բոլոր մասնակիցները պետք է լինեն անկուսակցական դիտորդներ, որոնք կմասնակցեն իրենց հաշվին և որոնց միակ շահագրգռվածությունն ու պարտավորությունը կլինի վերահսկել ընտրական գործընթացը՝ քվեատուփերի մեջ քվեաթերթիկներ գցելուց մինչև ձայների հաշվարկ և ընտրատեղամասերի փակում: Սա ուղղակի և կառուցողական ներգրավվածություն է, որը կարող է նպաստել ընտրակեղծարարության վերացմանը:

Դիտորդների դերը, որոնք աշխատելու են Հայաստանի հասարակական կազմակերպությունների, հակակոռուպցիոն կառույցների հետ, կենսական և հրամայական նշանակություն ունի գործընթացում: Այս դիտորները լինելու են ժողովրդավարության բանակներ, որոնք միանալու են գործին ի սկզբանե մասնակցած և նախորդ ընտրություններից փորձ, գիտելիք և իմաստնություն ձեռք բերած տեղական խմբերին:

Խորհրդարանական ընտրություններից առաջ կարևոր այս ամիսներին հանրապետությունով մեկ ընտրողները պետք է մանրամասն իրազեկվեն թափանցիկ ընտրական գործընթացում իրենց մասնակցության կարևորության մասին: Նրանց պետք է խրախուսել, որ իմանան իրենց իրավունքների և սեփական ձայնով ընտրության արդյունքի վրա ազդելու հնարավորության մասին: Նրանց պետք է տալ հավատը, որ քաղաքացիական այդ պարտավորությունը կարող է և պետք է իրականացվի առանց կաշառքի և վախի՝ իրենց իրավունքների լիակատար հարգանքով:

Անօտարելի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը սերտորեն կապված է երկարաժամկետ և կայուն զարգացման հետ: Դա գործնական և առաջին վճռորոշ քայլն է Հայաստանում իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին:

Սփյուռքի ղեկավար գործիչները, գիտնականներն ու ակտիվիստները և, հատկապես, արևմտյան ժողովրդավարական երկրներում ապրողները, կարող են օգնել դասընթացների կազմակերպման և գիտելիքների փոխանցման հարցում՝ ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար: Նրանք կարող են կարևոր դեր խաղալ իրենց ներկայիս բնակության երկրների՝ օրենքի գերակայությունը խթանող լավագույն փորձը Հայաստանին փոխանցելու հարցում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մյուս կողմից, ղեկավար շրջանակների համար նախընտրելի այն կետն է, որտեղից կարելի է սկսել ժողովրդավարության պաշտպանությունը՝ որպես բարի կամքի դրսևորում: Այդկերպ նրանք ընտրողների հետ վստահության կառուցմանը միտված քայլ կկատարեն՝ համոզելով, որ ընտրողի ձայնը չի գողացվի, և այն կարող է իսկապես օգնել առկա համակարգում հիմնարար փոփոխություն իրականացնելու հարցում:

2017թ․ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի իշխանությունների համար վերջնական հնարավորություն է կատարելու առաջին և վերափոխմանը միտված ազնիվ քայլերը և արդյունավետ անցկացնելու թափանցիկ ընտրություններ։ Իշխանավորները կարող են և պետք է ձեռնպահ մնան մանիպուլյացիաներից և ոչ ժողովրդավարական ընթացակարգերից, որոնք կարող են հանգեցնել ընտրությունների արդյունքների կեղծմանը: Հայաստանի Հանրապետությունը մասնակից է բազմաթիվ կոնվենցիաների և պայմանագրերի, որոնք ամրագրում են ժողովրդավարական ընթացակարգերին նրա հանձնառությունը: Հայաստանի Հանրապետությունը իր ստորագրած միջազգային պայմանագրերով պարտավորված է անցկացնել ազատ և արդար ընտրություններ:

Այս գործընթացում որպես մասնակից ներգրավվելու միջոցով է, որ Սփյուռքը կարող է և կօգնի Հայաստանի՝ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարությանը վաստակելու լեգիտիմություն և հարգանք ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ միջազգային հանրության կողմից:

Մյուս կողմից, թափանցիկ ընտրական գործընթացը քաղաքացիներին կդարձնի իրավատեր և նրանց կտա ժողովրդավարական գործընթացների սեփականատիրոջ զգացում: Դա նրանց կտա նաև ապագայի հանդեպ հույս և այլընտրանք ներկայիս անհեռանկարությանը:

Սփյուռքը այլևս չպետք է անտեսի չարիքները, որ անգործության արդյունքն են: Մենք երբեք չենք կարող ասել՝ մենք տեղյակ չէինք: Մենք երբեք չենք կարող ասել, որ մեր հավաքական ապագայի կառուցման այս ժամանակատվածում մասնակցություն ցուցաբերելու հնարավորություն չենք ունեցել:

Ավարտելով այս նամակը՝ հանդիպում եմ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս Սփյուռքի թերթերում հրապարակված մի կոչի…

«Վստահ եմ՝ չպետք է սահմանափակվենք մեր շարքերում առկա ռեսուրսներով, և մեր առաջ ծառացած խնդիրների լուծման համար պետք է փնտրենք և գտնենք անձանց, որոնք ունակ են և ցանկանում են պատասխանատվություն ստանձնել բարդ հարցերի լուծման համար՝ անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ մասից են»:

Ես հենց դա եմ ասում:

Ես կոչ եմ անում Սփյուռքի կամավորներին կապ հաստատել «Քաղաքացի դիտրոդ» նախաձեռնության հետ՝ Հայաստանում Թրանսփարենսի Ինթերնեշնլի գրասենյակի միջոցով, ծրագրեր կազմել, ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններում որպես կամավոր դիտորդներ ներգրավվելու հանձնառություն ստանձնել և որքան հնարավոր է արագ անդամագրվել՝ նամակ ուղարկելով ditord@transparency.am հասցեին՝ մինչ կստեղծվի կամավորների գրանցման առցանց հարթակ:

Բոլոր նամակների/գրանցումների կրկնօրինակները ուղարկվում են iobserve2017@outlook.com հասցեին՝ թափանցիկ ընտրությունների անցկացման նախաձեռնություններով զբաղվող մյուս կազմակերպությունների հետ կամավորության հանդեպ հետաքրքրությունը կիսելու նպատակով:

Մեր ազգի անունից բոլորս գործելու և մեր իդեալները պաշտպանելու ու դրանց նվիրվելու հնարավորություն ունենք, որպեսզի Սփյուռքն ու Հայաստանը ավելի մերձենան՝ շատ ավելի, քան այսօր են:

Իմ Հայաստանն ավելիին է արժանի:


______________________________________________________

Armweeklynews.am [05.01.2017]
Արսինե Խանջյանի պատասխանը Սերժ Սարգսյանին. ես հենց դա եմ ասում
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
ՊԵԿ խորամանկությունը և ՛՛գառների՛՛ միամտությունը [02.01.2017]
Վիգեն Սարգսյանի այցը Իրան և Wikileaks-ի ուրվականը [03.01.2017]
Ազերի այս սինքլոր ՛՛լեզուն՛՛ ճիշտ ժամանակին գերավարվեց [02.01.2017]
Անվերադարձ 187 հայ ուսանողներ կսովորեն ՌԴ բուհերում [30.01.2017]
Խօսք Թորգոմի թոռներին – Հայաստանի Բանակի Օրուան [30.01.2017]
Ընտրությունների են գնում միայն աղքատները [30.01.2017]
Սերժ Սարգսյանը կողմ է տեղափոխել ընտրությունների օրը 4-5 օրով [30.01.2017]
՛՛Նոր Թուրքիա՛՛ և ՛՛Ուրիշ Թուրքիա՛՛ հասկացությունների մասին [25.01.2017]
Օրացույցի վրա էլ ազատ օր չկա՞ր, ինչո՞ւ ապրիլի 2-ին [23.01.2017]
Իվան Սուսանինի ուրվականը մեր Սահմանդրության և ԱԺ ընտրությունների մեջ [22.01.2017 ]
Նոր Արմագեդոն Եվրոպայից և ԱՄՆ-ից. յուրաքանչյուրին փող ըստ նվազագույն կարիքների [18.01.2017]