Armweeklynews.am

 

  Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին  

Սա նաև Հայաստանի այն տարիների արտաքին հետախուզության ծառայության բացթողումն է 2016 թվականի մարտի 31-ի թերացումից առաջ:

Թեև Հայաստանի արտաքին հետախուզության հիմնական բացթողումը և անտեղյակությունը 2016 թվականի մայիսի 31-ին Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանի մեկօրյա այցն էր Մոսկվա, որին անմիջապես հաջորդեց ապրիլյան պատերազմը, սակայն մեր արտաքին հետախուզությունը լուրջ բացթողում ունի նաև Մեղրի ՀԷԿ-ի չկառուցման հարցում:


Եթե ունենայինք քիչ թե շատ գործունակ արտաքին հետախուզություն, ապա դեռևս 2012 թվականին Հայաստանի իշխանությունը պետք է համապատասխան զեկույցների հիման վրա կանխատեսեր , որ Իրանը հրաժարվելու է Մեղրի ՀԷԿ-ի կառուցումից և դրա պատճառը լինելու է Արաքս գետից ջրառի սահմանափակումը:

Հիմնավորենք մեր տեսակետը.

ՄԵՂՐԻ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ (Չ) ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

Եթե « ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր- ժամանակացույցը » պաշտոնական փաստաթուղթում հստակ ֆիքսված է, որ Մեղրի ՀԷԿ-ը շահագործման է հանձնվելու 2026 թվականին, ապա ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից համատեղ մշակված ծրագրով Մեղրի ՀԷԿ-ի շահագործման տարեթիվ նշված է 2033 թվականը: Եվ այս ծրագրին ևս ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 22-ին տեղի ունեցավ «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդես, ուր ներկայացվեց ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության կողմից համատեղ պատրաստված մինչև 2036թ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիրը Նախապես ասենք, որ այս ծրագիրը չէր համընկնում ՀՀ կառավարության կողմից հաստատված 2014-2020 թվականների համար երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովող հայեցակարգի դրույթներին համապատասխան միջոցառումների ծրագրի ոչ ժամանակացույցին, ոչ էլ` գործողությունների ցանկին:

ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակված հետազոտությունների ծրագրով բոլոր տեսակի զարգացման հանավանական սցենարների նույնականացման դեպքում մինչև 2024 թվականը բարձրանալու էր 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինն առնվազն 200 տոկոսով, իսկ Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալներն անշեղ աճելու էին: Բայց մեր կողմից ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից համատեղ մշակված ծրագրին անդրադառնալու առիթը Մեղրի ՀԷԿ-ի ճակատագիրն է:

Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 8-ին, սակայն մինչ օրս շինարարությունը չի սկսվել: Հիմա հանրությունը պետք է իմանա, Մեղրի ՀԷԿ-ի գործարկման ժամկետը ոչ 2026-ն է, ոչ` 2033 թվականը.....Մեղրի ՀԷԿ-ն ընդհանրապես չի կառուցվելու, քանի որ այժմ, ինչպես և 2014 թվականին Իրանն այդ ՀԷԿ-ի կարիքը չուներ: Սա Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության բացթողումն էր, եթե իշխանությունը չի կանխատեսել այդ հանգամանքը:

*****

ՄԵՂՐԻ ՀԷԿ-Ի ԵՎ ԱՐԱՔՍԻՑ ՋՐԱՌԻ ԽՆԴԻՐԸ

2012 թվականի դեկտեմբերին Իրանն առաջարկություն էր ներկայացրել Ադրբեջանին Արաքսի ջրերը Ուրմիա լիճ ուղղելու վերաբերյալ: Առաջարկը նախատեսում էր ջրառ կատարել Նախիջևանի արհեստական ջրամբարից, քանի որ այդ ջրամբարի կառավարումը և իրավական հարաբերությունները կարգավորվում են դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված պայմանագրով:

Իրանն իր առաջարկի մեջ հղում էր կատարվել 1970 թվականի միջպետական պայմանագրին, որը վերաբերում է Նախիջևանի ջրամբարից ջրառին և հիդրոկայանների գործունեությանը: Այդ պայմանագիրը հիմնվում է 1959 թվականին ԽՍՀՄ-ի և Իրանի միջև Արաքսի ջրերի օգտագործման պայմանագրին, որը նախատեսում է կողմերի համար ջրօգտագործման 50/50 հարաբերությամբ իրավունք:

Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը առաջարկություն է ներկայացրել երկրի արտգործնախարարությանը, որտեղ առաջարկվում է Իրանի հետ Արաքսից ջրառի համար հիմք ընդունել ոչ թե 1959 և 1970թթ. ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված Արաքսից ջրառը կարգավորող պայմանագրերը, այլ` 1992 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը, Միջազգային գետերի օգտագործման կանոնները, որին Ադրբեջանը միացել է 2000 թվականին:

Հելսինկյան ակտում միջազգային գետերի ջրերի օգտագործման յուրաքանչյուր երկրի չափաբաժինը պայմանավորում է այդ երկրի տնտեսական , բնակլիմայական, բնակեցվածության աստիճանի և այլ պայմանների հիման վրա (շուրջ մեկ տասնյակ):

Այն բանից հետո , երբ Իրանը և Հայաստանը Արաքս գետի վրա պլանավորեցին Մեղրի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, Ադրբեջանը փորձում էր խանգարել դրա շինարարությանը, պնդելով, որ Իրանը գերազանցում է Արաքս գետից ջրառի իր 50 տոկոս փայաբաժինը: Թեև Իրանի արտգործնախարարությունը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ Մեղրի ՀԷԿ-ից Արաքսի ջրերը ոչ մի տեղ չեն ՛անհետանալու՛, այլ միայն էլեկտրաէներգիա են արտադրելու և կրկին նույն չափով հոսելու են դեպի Կասպից ծով, Ադրբեջանն անդրդվելի է:

Այս հարցն իր սրությունը ստացավ նաև այն բանից հետո , երբ Իրանն առաջարկ ներկայացրեց Ադրբեջանին Նախիջևանի ջրամբարից իրեն հասանելիք 50 տոկոս ջրի քանակը Ուրմիա լիճ տեղափոխելու համար` հիշեցնելով Իրանի և ԽՍՀՄ-ի միջև կնքված 1959 և 1970թթ պայմանագրերը: Ի վերջո Ադրբեջանը մասամբ զիջեց Իրանին , թույլ տալով համատեղ երկու հիդրոէլեկտրակայաններ կառուցել Նախիջևանում, Արաքս գետի վրա:

Վերոհիշյալը վկայում է , որ Ադրբեջանը դեռ այն ժամանակ փորձում էր Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը որպես պատրվակ օգտագործել և թույլ չտալ Իրանին Նախիջևանից իրեն հասանելիք ջրաքանակն օգտագործել իր հայեցողությամբ:

 ******

 ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՄԵՂՐԻ ՀԷԿ-Ը

Իր հերթին Թուրքիան ևս խանգարում էր Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը

Բանն է, որ Արաքս գետից Թուրքիայի ջրառի 20 տոկոս հավելումը կարող է փաստի առաջ կանգնեցնել ոչ միայն Հայաստանին և Արարատյան դաշտավայրի հողագործներին, այլ նաև չեղարկել Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը:

Թուզլուջա ջրամբար՛ ծրագիրը հաստատվել է 2005 թվականին և այժմ իրագործման փուլում է:

2012 թվականին Թուրքիայի կառավարությունը հաստատել է ’Թուզլուջա ջրամբար՛ ’ ծրագիրը և իրականացրել շինարարության կապալառուի մրցույթ , որը նախատեսում է ջրամբար կառուցել Արաքս գետից և Իգդիրից շուրջ 25 կմ դեպի հարավ- արևմուտք ընկած Յունլենդի գյուղի մոտ գտնվող բնական իջվածքում:

Թուրքիան պլանավորում է Արաքս գետի վրա գտնվող իր Լալելի, Կուրուաղաչ, Քամըշլը և Գյոքթաշ ջրառի կարգավորիչ կետերից գետի ջուրը շուրջ 18 կմ նոր ջրանցքի կառուցման ճանապարհով տեղափոխել Յունլենդի ջրամբար, որի կառուցման նպատակով հողային աշխատանքներն արդեն սկսվել են: Դրանք կավարտվեն 2018 թվականին :

Այսինքն, Թուրքիան ոչ թե Արաքսի վրա է ջրամբար և ՀԷԿ կառուցում, այլ ,ավելացնելով ջրառը, պլանավորում է դրանք կառուցել երկրի խորքում` Արաքս գետից 25-կմ հեռավորության վրա:

Յունլենդի ջրամբարը կունենա մինչև 55 մ ջրի խորություն և կարող է կուտակել մինչև 21 մլն խոր. մ. ջուր: Ջրամբարի վրա կառուցվում է նաև հիդրոէլեկտրակայան :

Սակայն, ի տարբերություն Հայաստանի և Իրանի կողմից կառուցվելիք Մեղրի ՀԷԿ-ի, Յունլենդի ջրամբարի վրա կառուցվող ՀԷԿ-ից դուրս եկող ջրերն այլևս չեն վերադառնալու Արաքս գետ, այլ ոռոգելու են շրջակա հողատարածքները:

Հիշեցնենք, որ մինչ օրս Թուրքիան առկա ջրամբարների շնորհիվ Արաքս գետից կարողանում էր ամբարել շուրջ 90 մլն խոր.մ. ջուր: Այժմ , ''Թուզլուջա ջրամբար'' ծրագրի իրագործումից հետո, թուրքական կողմի ջրամբարային հնարավորությունը կհասնի մինչև 110 մլն խոր.մ.:

Խնդիրը լուրջ էր և ինչպես արձագանքեց մեր կառավարությունն այս փաստին: Ընդամենը ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգում առանձին տողով նշվեց, որ ''Թուրքիայի կողմից Ախուրյան և Արաքս գետերի մակարդակների իջեցումը, որը կարող է նվազեցնել Արաքս գետի վրա Հայաստանի և Իրանի կողմից համատեղ կառուցվող ՀԷԿ-երի հզորությունները'':

*****

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՕՐԴՒԲԱԴԻ ՀԷԿ-Ը

Մեղրի ՀԷԿ-ը փորձվում է փոխարինել Նախիջևանի Օրդուբադի ՀԷԿ-ով

Ադրբեջանի նախագահը 2014 թվականի մարտին ,իր ստորագրությամբ, վավերացրել է համաձայնագիր, որը ստորագրվել էր Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարի և Իրանի էներգետիկայի նախարարի միջև Թեհրանում, այդ ժամանակ Ադրբեջանի նախագահի Իրան պաշտոնական այցի ընթացքում:

Նախիջևանում, Արաքս գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններից յուրաքանչյուրը կունենա 45 Մգվատ հզորություն: Դրանք կկառուցվեն Օրդուբադում:

Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցումը Իրանի և Ադրբեջանի որոշելիքն է, քանի որ Հայաստանը չի կարող արգելք հանդիսանալ այս հարցում Իրանին:

Դեռ այն ժամանակ Հայաստանի հատուկ ծառայությունները պետք է զեկուցեին իշխանությանը, որ Իրանը Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը փոխարինում է Օրդուբադի ՀԷԿ-ով:

Մյուս կողմից , հնարավոր ենք համարում, որ Օրդուբադում երկու ՀԷԿ կառուցելով միայն ժամանակավորպես են հարթվում Իրանի և Ադրբեջանի միջև հակասությունները Արաքսից ջրառի քանակների հարցով:

Հայաստանը , ցավով ենք նշում , պարտվեց Ադրբեջանին և Թուրքիային Մեղրի ՀԷԿ-ի կառուցման հարցում:


Էդիկ Հովսեփյան


_____________________________

Armweeklynews.am [05.11.2017]
Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին
© 2010-2017  Կապը »  Contacts  Այցելեք  » Facebook
Most popular tags
Արցախ  Երվանդ Քոչար  Հռոմի պապ  Արթուր Սարգսյան Հաց Բերողը  Nor Zartonq  Հայ-թուրքական արձանագրություններ Ethiopian Music  Գրիգոր Զօհրապ  маршал Баграмян  Ermeni  Արսինե Խանջյան  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Հալեպ  սակագներ  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher
  ԼՐԱՀՈՍ  
Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը դատապարտված էր դեռևս 2012 թվականին [05.11.2017]
Մարզպետարանները կբաժանվեն երկու ֆունկցիոնալ մասերի [03.11.2017]
Վանաձորի ՛՛՛Աքիլլեսյան գարշապարն՛՛ աստիճանաբար փակվում է [27.09.2017]
ԱՀԿ-ն հաստատել է բժիշկների ՛՛Հիպոկրատի՛՛ երդման նոր տեքստը [21.10.2017]
Ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի… [20.10.2017]
Հայտնի է 2018-ին ՀՀ վարչապետի ազգանունը` յան-ով չի վերջանում [19.10.2017]
Հայերը եղան ցեղասպանության «նախաճաշը», իսկ քրդերը ՝ «ճաշը» [19.10.2017]
Սարգսյանը և Ալիևն առաջին անգամ խուսափեցին գաղտնալսումից [17.10.2017]
Վանաձորում տուրիզմի զարգացման յոթ հենասյուները [16.10.2017 ]
Չի կարելի Պոկեր խաղալ Պոկեր խաղը հնարողի հետ [11.10.2017 ]
Հանքարդյունաբերությանը զուգահեռ նաև գաղտնի բիոլաբորատորիաներ [11.10.2017]
Հատուկ տեղեկություններ թշնամու թիկունքից [09.10.2017 ]
Կոռուպցիոն բացահայտումներ նախկին զորակոչների ընթացքում [07.10.2017]