Armweeklynews.am

 

  Մատչելի բնակարան զինծառայողներին ծրագիրն իրավական ուժ կստանա  

ՀՀ ՊՆ և այլ կառույցների սպաները կարող են բնակարանի գնման համար 20 տարի ժամկետով հիփոթեքային արտոնյալ վարկ ձևակերպել՝ վճարելով միայն մայր գումարը (անմիջապես կառուցապատողից գնելու դեպքում): Ըստ որում 10% կանխավճարը ևս պետությունը կվճարի:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում, որը նախագծերի հանրային քննարկման համար է: ՀՀ ՊՆ և մյուս կառույցների սպաները կկարողանան 20 տարի ժամկետով և առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ և բնակարան գնել կամ կառուցել :

Տոկոսագումարի 4%-ը կսուբսիդավորի պետությունը, 5%-ը կվճարվի օրենքով սահմանված եկամտային հարկի հետ վերադարձման միջոցով (բացառությամբ՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում): Բացի այդ պետությունը կվճարի նաև բնակարանի արժեքի 10% կանխավճարը:

Համաձայն «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագրի՝ յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` համապատասխան մարմինների ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված` ՀՀ պաշտպանության նախարարության 400 զինծառայող, ոստիկանության 37 զինծառայող, ազգային անվտանգության ծառայության 25 զինծառայող, քրեակատարողական ծառայության 5 զինծառայող:

Ծրագրից չի կարող օգտվել այն զինծառայողը, ով նախկինում օգտվել է պետական ֆինանսական աջակցության այլ ծրագրից կամ բնակարան ձեռք բերելու համար ստացել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ սեփականության իրավունքով ստացել է բնակարան:

Ծրագիրը կիրականացվի 10 տարի: Սպաները պետական աջակցությամբ մեկ անգամ հիփոթեքային վարկ կստանան հետևյալ նպատակներով՝ անմիջապես կառուցապատողից ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան գնելու, ՀՀ մարզերում` նաև երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու, ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու:

Յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան արժեքի վարկավորման առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը: Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցություն կցուցաբերվի միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում:

Ընդ որում` ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի և (կամ) նրա ընտանիքի անդամի (անդամների) անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:

 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 20 տարի, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով: Վարկի մարումը պետք է իրականացվի մայր գումարի հավասարաչափ մարումներով: Հիփոթեքային վարկի վաղաժամկետ մարման դեպքում զինծառայողի համար չի կարող սահմանվել կամ կիրառվել որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն կամ պատասխանատվություն:

Վարկի տարեկան տոկոսադրույքն առավելագույնը 9% է, որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսագումարի առավելագույնը 4 տոկոսային կետը: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն:

Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկառուի (զինծառայողի) համար, հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 5%:

Վարկառուն իրավունք կունենա պետությունից հետ ստանալ, բացառությամբ՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում, իր վճարած (հարկային գործակալի կողմից պահված) եկամտային հարկը` ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի դիմաց իր կողմից վճարված (պետության կողմից չսուբսիդավորված) տոկոսների չափով (վերը նշված 5%-ը):

Ծրագրում ընդգրկված զինծառայողի օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը դադարում է սույն ծրագրով շահառու հանդիսանալուց և նրա համար դադարում են հիփոթեքային վարկա­վորման արտոնյալ պայմանները, բացառությամբ` երկարամյա ծառայության զինվո­րական ծառայության կենսաթոշակի անցած;
առնվազն 12 տարի 6 ամիս ընդհանուր զինվորական ծառայության ժամկետ ունեցող` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար

ոչ պիտանի ճանաչվելու

կամ պայմանագրի ժամկետը լրանալու

կամ սահմանային տարիքը լրանալու

կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակված զինծառայողների,

զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինվորական որևէ պատճառական կապով հաշմանդամ ճանաչվելու;

կամ ծառայողական պարտականությունները կատարելիս ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում` անկախ զինվորական ծառայության ստաժի տևողությունից:

Օրենքով սահման­ված այլ հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառա­յողը հետ է վերադարձնում պետության կողմից վճարված գումարը (կանխավճար, տոկոսադրույքի սուբսիդավորում և այլն): Այս դեպքում հիփոթեքային պայմանագիրը ենթակա է վերակնքման շուկայական պայմաններով, ինչից զինծառայողի հրաժարվելու դեպքում պետությունը փոխհատուցում է զինծառայողի կատարած ծախսերը և բնակարանը անցնում է պետության սեփականությանը:

_____________________________
Armweeklynews.am [11.06.2018]
Մատչելի բնակարան զինծառայողներին ծրագիրն իրավական ուժ կստանա
© 2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  ԼՐԱՀՈՍ  
Հայաստանում թավշյա հեղափոխության արձագանքները կարող են ցնցել նաև Ադրբեջանը [08.06.2018]
Վարկային միջոցներով առողջապահությունը վերաքանդելու ենք, թե ՝ ….. [05.06.2018]
Հայաստանում տիտանների բախում է սպասվում էներգետիկայի ոլորտում [05.06.2018]
Լոռու և Շիրակի մարզպետների նշանակման վերաբերյալ [20.05.2018]
Արտահերթ ընտրությունների հարցում մոլորության մեջ են ոչ հեղափոխական կուսակցությունները [17.05.2018]
Երևանի ավագանին նախ պարտավոր է կատարել Սահմանադրության պահանջը [10.05.2018]
ՀՀԿ կանոնադրության 2.1 և 3.6 կետերը ներկայիս իրավիճակում [09.05.2018]
Կարևոր հանգամանք ԱԱԾ-ի նոր պետ նշանակելիս. հիշենք 2014 թվականի հուլիսի 8-ը [07.05.2018]
Եթե պոչ ունես, անպայման տրորող կլինի հարմար պահին [05.12.2018 ]
Ով հարկերից խուսափեց, ազգի դավաճան է [04.05.2018 ]