Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Խրիմյան Հայրիկի կտակը - Օրհնեցե՛ք, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն  

Ավանդում եմ ձեզ անանց օրհնության այս կտակը:

Օրհնեցե՛ք, որ ձեր զավակները հայրենական սուրբ կրոնը, հավատքը, սուրբ հայրերի ավանդությունն անարատ ու անեղծ պահեն, սիրե՛ն Հայաստանյայց եկեղեցին, չբաժանվե՛ն Թադեոսի ու Լուսավորիչ հոր հոտից ու փարախից:

Օրհնեցե՛ք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, սիրեն եղբորը, ընկերոջը, լինեն մարդասեր:

Օրհնեցե՛ք, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն ու չմոռանան նրա հին, անշուքացած փառքն ու հիշատակը, հիշեն նրա կիսակործան տաճարները:

Օրհնեցե՛ք, դաստիարակե՛ք, որ նրանք ուսում սիրեն, գիտություն սիրեն, դպրոց սիրեն, առաջադիմությունը պատվեն:

Օրհնեցե՛ք և ուսուցանե՛ք, եթե քաղաքացի են, նոր աշխարհի այլևայլ արհեստները սովորեն, անխարդախ լինեն վաճառելու և գնելու մեջ: Իսկ եթե շինական են, հող սիրեն, մաճ սիրեն, աշխատանք սիրեն, հայրենի նվիրական ու սեփական հողերից մի բուռ անգամ չզիջեն:

Ի վերջո, օրհնեցե՛ք, որ նրանք տնաշեն ու տնարար լինեն, միայն բարի ու ազնվական ընտանիք կազմեն, որով միայն հնարավոր կլինի, որ ազգային կյանքը բարվոքվի, բարձրանան նրա համբավն ու փառքը:

Խրիմյան Հայրիկ

*******
Խրիմյան Հայրիկը (իսկական անուն-ազգանունը` Մկրտիչ Խրիմյան) ուսանել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում, 1842 թ-ին հաստատվել է Կոստանդնուպոլսում: 1854 թ-ին ձեռնադրվել է վարդապետ: 1855–56 թթ-ին հրատարակել է «Արծվի Վասպուրականի» ամսագիրը: 1856 թ-ի հունիսին, վերադառնալով Վան, ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը, որտեղ 1857 թ-ին հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը:

1862 թ-ին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ ստանձնել է Սբ Կարապետ վանքի վանահայրությունը: Տարոնում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց նոր վարժարան, 1863–65 թթ-ին հրատարակել է «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ: Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան հայտարարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը:

1868 թ-ին Սբ Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թ-ին ընտրվել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք: Որպես պատրիարք՝ Պոլսի ազգային ժողովի քննարկմանն է դրել 1860 թ-ին ընդունված Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարըստահարության, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: Պայքարել է գավառական երեսփոխանների թիվը Պոլսի հայոց ազգային ժողովում ավելացնելու համար: Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունը քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Պոլսի ազգային ժողովը 1872 թ-ին ներկայացրել է Բարձր դռանը: Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կոստանդնուպոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որի պատճառով 1873 թ-ի օգոստոսին նա հրաժարվել է պատրիարքությունից:

Իբրև Բեռլինի վեհաժողովի (1878 թ.) հայկական պատվիրակության ղեկավար՝ նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա) պետական պաշտոնյաներին և փորձել ձեռք բերել նրանց բարյացակամությունը Հայկական հարցի լուծման համար: Սակայն, հիասթափված վեհաժողովի արդյունքներից, փոխել է իր դիրքորոշումը և ժողովորդին ազգային-ազատագրական պայքարի կոչ արել:

1879 թ-ին Խրիմյան Հայրիկն ընտըրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ. եռանդուն գործունեություն է ծավալել նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը: Խրիմյանի անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885 թ-ին Բարձր դուռը նրան կանչել է Կոստանդնուպոլիս: Չնայած խիստ հսկողությանը՝ այդտեղ նույնպես ծավալել է հասարակական գործունեություն: Ազգային ժողովը նրա նախաձեռնությամբ 2 տեղեկագիր-բողոքագիր է ներկայացրել թուրքական կառավարությանը՝ հայ գավառների օրըստօրե վատթարացող վիճակի մասին: 1890 թ-ի հուլիսի 15-ի Գում Գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ:

1892 թ-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել Խրիմյանին ազատել թուրքահպատակությունից և միայն 13 ամիս անց Ռուսաստանի ցարի միջնորդությամբ նրան թույլատրել է գնալ Սբ Էջմիածին: 1893 թ-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: 1895 թ-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, ներկայացել Նիկոլայ II ցարին՝ Արևմտյան Հայաստանում խոստացված բարենորոգումների իրականացման խնդրագրով: 1894–96 թթ-ի արևմտահայերի ջարդերի ժամանակ արել է առավելագույնը. նյութապես օգնել է գաղթականներին, պայմաններ ստեղծել հայրենի երկիր վերադառնալու համար: Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903 թ-ի հունիսի 12-ի օրենքի դեմ. հոգևոր թեմակալ առաջնորդներին կարգադրել է չենթարկվել դրան:

Մկրտիչ Ա Վանեցու օրոք Սբ Էջմիածնի վանքում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենքը, թանգարան, նոր մատենադարան: Մկրտիչ Խրիմյանը գրել է բազմաթիվ հոգևոր, կրոնաբարոյախոսական, հրապարակախոսական, ազգագրական աշխատություններ: Նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ հրատարակվել են բազմաթիվ գրքեր, այդ թվում` Էմմա Կոստանդյանի «Մկրտիչ Խրիմյան. հասարակական-քաղաքական գործունեությունը» (2000 թ.) արժեքավոր աշխատությունը:

Հայ ժողովուրդը երգեր է ձոնել Խրիմյան Հայրիկին:

Armweeklynews.am [11.05.2016]
Խրիմյան Հայրիկի կտակը - Օրհնեցե՛ք, որ ազգը սիրեն, հայրենիքը սիրեն
 
© 2010-2018  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
  Մշակութային լրահոս  

Հրանտ Մաթևոսյան. տղամարդու պես մի անգամ կանգնեք… [02.04.2016]

Մկրտիչ Ասլանյան .Ատիր ինձ, որովհետև կյանքում տևական, ոչինչ այդ թվում՝ հավերժ սեր չկա[08.05.2016]

Ոսկան Մխիթարեան- ՈՂԲ ՀԱՅ ԼԵԶՈՒԻ [04.05.2016]

Վարդգէս Գուրուեան - Արցախը Մե՛րն է, Յաղթանակը Մե՛րն է [04.05.2016]

Գրիգոր Գուրզադյան . առանց սիրո ի՞նչ տիեզերք, ի՞նչ աստղ, ի՞նչ մարդ, ի՞նչ գործ… [01.05.2016]

Մեվսես Խորենացու Ողբը. իշխանները գողերին գողակից, կաշառակեր ... [30.02.2015]

Աւետիս Նազարեան . Իրանահայութեան հայրենադարձութիւնը [22.02.2016]

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ - HANNIBAL ANTE PORTAS! [26.02.2016]

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՈԳԵԿՈՉՈՒՄ ՄԱՐՍԷՅԼԻ ՊՈՒԼՎԱՐ ՕՏՏՈՅԻ Ս. ՅԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ [20.11.2015]

Ազրպէյճանի Մէջ Եկեղեցին Վերածուած Է Թէյարանի [24.04.2016]

ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՇՈՒՆԵՐԸ ՇԱՏՑԵՐ ԵՆ [24.04.2016]

ԽԱՉԱՏՈՒՐ ՊՕՂՈՍԵԱՆ- Ինչ որ անցնի մարդուն մտքէն եթէ կ՛ուզէ հերոսանալ այդպէս կ՛ընէ [23.04.2016]

ՄԱՆՈՒԿ ՀՈՓԱԼԵԱՆ - Գրիգոր Զօհրապի Եւ Վարդգէսի Վերջին Գիշերը Ու Անոնց Մահը [18.04.2016]

ՅՈՒՂԱՐԿԱՒՈՐՈՒԹԻՒՆ - Աստուած հոգին լուսաւորէ [18.04.2016]

Արա Օշական. «Լուսանկարել սովորեցի Ղարաբաղում» [17.04.2016]

Խրամատներում Կորյուններ են զոհվել, այնտեղ մի՚ լուսանկարվեք [14.04.2016]

Առաջին հերթին պետք է որդեգրել «մի վնասիր» սկզբունքըն [14.04.2016]

Ապրիլեան Խոհեր -Մինչեւ 100-ամեակ եւ Անկէ Անդին [07.04.2016]

Գիրք տպել՝ չի նշանակում ունենալ ընթերցող [06.04.2016]

 Արխիվ » 2011-14