Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Սադեղ Հեդայաթ - Կուզիկ Դավուդը  

  Կուզիկ Դավուդը

  -Ո՛չ, ո՛չ: Ես երբեք այդ բանի հետևից չեմ գնա: Վազ եմ անցնելու: Դա ուրիշներին ուրախություն է բերում, իսկ ինձ՝ տառապանք ու ցավ: Երբե՛ք, երբե՛ք...-Դավուդը խոսում էր ինքն իր հետ և ձեռքի դեղին ձեռնափայտը գետնին խփելով՝ դժվարությամբ քայլում: Ասես հազիվ էր հասցնում պահել իր հավասարակշռությունը:

 Նրա դուրս ցցված կրծքավանդակի վրա բազմած լայն երեսը մտել էր երկու ուսերի արանքը և դիմացից մի տեսակ չոր, կոպիտ ու վանողական տեսք էր տվել նրան: Նիհար, իրար հպված շրթունքները, բարակ աղեղնաձև հոնքերը, ընկած արտևանունքերը, դեղնածությունը, ուռած, ոսկրոտ թշերը... Հեռվից որ նայում էին նրան՝ բարակ կտորե, կարճաթև վերնաշապիկը, մեջքի կուզը, երկար՝ անորմալ ձեռքերը, այն լայն գլխարկը, որի մեջ կոխել էր գլուխը, և գլխավորապես այն լրջությունը, որ համակել էր նրան և ձեռնափայտը, որ դժվարությամբ էր խփում գետնին, նրան ավելի զավեշտական էին դարձնում: Նա Փահլավի փողոցի պտույտից մտել էր քաղաքից դուրս տանող ճամփան ու գնում էր դեպի Դառվազե Դոլաթ [1] :

 Համարյա թե արևամուտ էր, օդը մի քիչ տաք էր: Ձախ ձեռքի վրա, արևամուտի մթնշաղի մեջ ցեխե պատերն ու աղյուսե սյուները երկինք էին խոյացել: Նրա աջ կողմում քաղաքի արդեն լցված խանդակն էր, իսկ նրա երկարությամբ, որոշ տարածություններով մերթ ընդ մերթ աղյուսե կիսաշեն տներ էին: Այստեղ դատարկություն էր և բայց երբ մի կառք կամ մեքենա էր անցնում, չնայած ճամբի վրա շաղ տված ջրին էլի քիչ թե շատ փոշի էր բարձրանում: Փողոցի երկու կողմերում էլ, առվի ափին, նորատունկ ծառեր էին կողք կողքի կանգնած: Նա մտածում էր, որ ինքը հենց մանկությունից կամ ծաղրի է ենթարկվել , կամ խղճահարության՝ սրա կամ նրա կողմից:

 Առաջին անգամ, երբ պատմության դասաժամին ուսուցիչն ասաց, որ Սպարտայում սպանում էին խեղանդամ կամ հրեշատիպ երեխաներին, ամբողջ դասարանցիները շրջվեցին դեպի ինքն ու սկսեցին իրեն նայել, և այնպես եղավ, որ ինքը անասելի մի կացության մատնվեց: Բայց հիմա նա ցանկանում էր, որ այդ օրենքով ամեն տեղ կամ առնվազն՝ շատ տեղերում, խեղանդամ մարդկանց ամուսնությունն արգելվի: Ախր նա գիտեր, որ այս բոլորը իր հոր մեղքով է եղել: Գունատ երես, այտեր, աչքերի տակ՝ փոս ընկած ու կապտություն, կիսաբաց բերան և ... Հոր մահվան պատկերը հիշեց, ճիշտ այնպես, ինչպես տեսել էր: Իր բորոտած, քավթառ հայրիկը, որ մի երիտասարդ աղջկա հետ էր ամուսնացել, ինչ երեխա էլ բերել էին՝ քոռ ու անդմալույծ էր եղել: Մի եղբայրն էլ, որ ողջ էր մնացել, համր էր եղել ու խելքից տկար, մինչև երկու տարի առաջ, որ մահացել էր: Ինքն իրեն ասաց՝ «գուցե նրանք ավելի բախտավորը էին»:

 Բայց ինքը ողջ էր մնացել, բեզարած ինքն իրենից և ամենից, և բոլորն էլ խույս էին տալիս իրենից: Բայց նա որոշ չափով ընտելացել էր ընդմիշտ առանձնացած ապրելուն : Երեխա ժամանակվանից դպրոցում մարզանքից, կատակ անելուց. վազելուց, գնդակ ու լախտի և մյուս բոլոր հաճելի խաղերից անմասն էր մնացել: Բոլոր տեսակի խաղերի ժամանակ նա առանձնանում էր, կուչ էր գալիս ինչ-որ մի անկյունում, գիրքը բռնում էր երեսի առաջ և գողեգող հետևում էր երեխաներին: Միառժաանակ էլ որոշեց լրջորեն աշխատել և փորձեց այդպիսով առաջ անցնել մյուսներից: Զօր ու գիշեր աշխատում էր: Այդ բերումով էլ երկու – երեք ծույլ աշակերտներ սկսեցին մոտենալ նրան: Իհարկե, միայն ու միայն նրա կատարած աշխատանքներն արտագրելու համար: Բայց նա շուտով ըմբռնեց, որ դրանց մոտեցումը իրեն չարաշահելու նպատակով է: Եվ սա այն պարագայում էլ, երբ ինքը պարզ նկատում էր, որ գեղեցկադեմ և թիկնեղ Հասանխանը, որ լավ էլ հագնվում է, ավելի շատ ուշադրության է արժանանում, և շատերն են հավաքվում նրա շուրջը: Միայն մի երկու ուսուցիչ արհեստական ուշադրության էին արժանացնում իրեն: Եվ այդ ոչ թե նրա աշխատանքի համար էր, այլ պարզապես նրանց մեղքն էր գալիս ինքը: Այնպես որ, վերջում էլ նա, չնայած իր կատարած տքնաջան աշխատանքին, չհասավ իր նպատակին:

Հիմա ձեռնունայն էր մնացել, բոլորն էլ փախչում էին նրանից: Ընկերներն ամաչում էին նրա հետ քայլելուց: Կանայք ասում էին.

-Կուզիկին նայեք:

Սա ավելի շատ էր գազազեցնում նրան:

Մի քանի տարի առաջ երկու անգամ խնամախոս էր գնացել: Երկու անգամն էլ կանայք իրեն ծաղրի էին ենթարկել: Պատահաբար նրանցից մեկը՝ «Զիբանդեհ» -ը , հենց այս մոտակայքում, Ֆիշերաբադում էր ապրում: Մի քանի անգամ իրար հանդիպել էին, և ինքը խոսել էր աղջկա հետ: Իրիկնապահին, երբ դուրս էր գալիս դպրոցից, գալիս էր այստեղ՝ Զիբանդեհին տեսնելու: Նրանից միայն այն էր հիշում, որ շրթունքի տակ մի խալ ուներ: Բայց հետո էլ, երբ մորաքրոջն ուղարկել էր նրան ուզելու, նույն աղջիկը ծաղրանքով ասել էր.

-Մի՞թե տղամարդու սով է, որ ես էտ կուզիկի հետ ամուսնանամ: Որքան էլ հայրն ու մայրը նրան ծեծել էին, նա չէր ընդունել: Բայց Դավուդը դեռևս սիրում էր նրան: Եվ սա նրա երիտասարդության ամենանշանավոր հիշատակն էր: Հիմա էլ , երբ գիտակցաբար թե պատահմամբ՝ հանկարծ անցնում էր այդ կողմերով, անցյալի հիշողությունները վերակենդանանում էին նրա աչքի առաջ: Ամեն ինչում նա պարտվել էր: Շատ անգամ միայնակ էր քայլելու գնում և խուսափում էր որեէ մեկի հետ դուրս գալուց: Ով որ ծիծաղում էր կամ կողքինի հետ ինչ-որ բան փսփսում, կարծում էր, թե իր մասին են խոսում և իրեն են ծաղրում: Կապույտին զարնող կանաչ, մշտադժգոհ աչքերով և ունեցած կոշտությամբ, դժվարությամբ էր վիզն ու մեկ ուսը շրջում. աչքի տակով մի հայացք նետում ու անցնում էր: Ճամփին ամբողջ ուշադրությունը ուրիշների կողմ էր: Երեսի ամբողջ մկանները ձգվում էին, երբ ցանկանում էր ուրիշների կարծիքն իր մասին իմանալ:

Առվի ափով դանդաղ քայլում էր և երբեմն էլ ձեռնափայտի ծայրով պատռում էր ջրի երեսը: Մտքերը խառնիխուռն էին և ալեկոծ: Տեսավ, որ երբ ձեռնափայտի ծայրը մի քարի դիպավ, երկար մազերով մի սպիտակ շուն գլուխը բարձրացրեց և իրեն նայեց: Շունն ասես խիստ հիվանդ կամ մահվան շեմին կանգնած չկարողացավ տեղից շարժվել և գլուխը կրկին գետնին խոնարհվեց: Ինքը դժվարությամբ կռացավ, լուսնի լույսի տակ նրանց հայացքներն իրար հանդիպեցին: Տարօրինակ մտքեր ծագեցին գլխում, այնպես զգաց, որ ասես դա առաջին շիտակ ու միամիտ նայվածքն էր՝ իրեն ուղղված: Այնպես որ, իրենք երկուսն էլ դժբախտ և մի տեսակ թափթփուկի նման՝ մարդկանց կողմից մերժված ու դրժված, քշված են ու վանված: Ուզում էր նստել այդ շան կողքին, պատմել, որ իր դժբախտությունները քաղաքից տարհանելով թաքցրել էր մարդկանցից, ուզում էր գրկել նրան և նրա գլուխը սեղմել իր դուրս ցցված կրծքին: Բայց մտածեց, որ եթե մեկն այդտեղից անցնի և իրեն այդ դրության մեջ տեսնի, ինքն ավելի շատ ծաղրի առարկա կդառնա:

Մայրամուտ էր: Յուսեֆաբադի դարպասի մոտով անցավ: Նայեց լիալուսնին, որ իր լուսատու ճառագայթներով այս սրտամոտ ու տխրաշաղախ երեկոյին երկինք էր բարձրացել: Իր տեսադաշտում կիսակառույց շինություններ էին, իրար վրա կուտակված աղյուսակույտեր, ծառեր, տների թիթեղյա ծածկեր, մուգկապույտ լեռներ և քաղաքի քնագլուխ մի համայնապատկեր էր: Նրա աչքերի առջևից խառնիխուռն և մոխրագույն վարագույրներ էին անցնում: Հեռու ու մոտիկ ոչ ոք չէր երևում: Խանդակի մյուս կողմից Աբուաթա երգի խեղդված ձայն էր գալիս: Գլուխը դժվարությամբ բարձրացրեց: Հոգնած էր, լեփլեցուն տխրությամբ և այրվող աչքերով, կարծես գլուխը ծանրություն էր անում մարմնի վրա:

Դավուդը ձեռնափայտը դրեց առվի ափին ու անցավ նրա վրայով: Ակամա գնաց ու նստեց ճանապարհի կողքի քարերի վրա: Հանկարծ նկատեց, որ մի քիչ այն կողմում՝ առվի ափինՙ չարշավը գլխին մի կին է նստած: Սրտի զարկերն արագացան: Կինն առանց որևէ նախաբանի՝ երեսը շրջեց դեպի իրեն ու ժպտալով ասաց.

-Հուշանգ, մինչև հիմա բա որտե՞ղ էիր:

Դավուդը զարմացավ կնոջ բարեկամական արտահայտության վրա, թե ինչպե՞ս է պատահել, որ իրեն տեսել է և չի խրտնել: Աշխարհն ասես Դավուդին էին տվել: Կնոջ հարցական ոճից երևում էր, որ նա ցանկանում է խոսել իր հետ: Բայց այս գիշերով, այստեղ այս կինն ի՞նչ է անում: Արդյո՞ք անբարո չէ: Գուցե սիրահարված է: Բայց «Ինչ կուզի՝ թող լինի» ասաց ինքն իրեն , գոնե մի քանի բառ կզրոյցի հետս, գուցե էլ մի քիչ սիրտ տա...Ասես այլևս կորցրած իր լեզվի ղեկը՝ ասաց.

-Դուք մենակ ե՞ք այստեղ: Ես էլ եմ մենակ: Ես միշտ եմ մենակ: Ամբողջ կյանքում մենակ եմ եղել:

Խոսքը դեռ բերանում էր, երբ կինը՝ արևի սև ակնոցն աչքերին, դարձյալ շրջվեց ցդեպի Դավուդն ու ասաց.

-Ուրեմն՝ դուք ինչ-որ մեկն եք: Կարծեցի՝ Հուշանգն է: Նա ամեն անգամ, որ գալիս է՝ ուզում է կատակ անել ինձ հետ:

Այդ վերջին նախադասությունից Դավուդը շատ բան հասկացավ: Չիմացավ, թե կինն ինչ էր ուզում ասել: Շատ բան, իհարկե, չէր էլ սպասում: Երկար ժամանակ էր, որ ոչ մի կին չէր խոսել նրա հետ: Նկատեց, որ կինը գեղեցիկ է: Սառը քրտինքը պատել էր նրան: Դժվարությամբ ասաց.

-Ոչ, տիկին: Իմ անունը Դավուդ է:

Կինը ժպտալով ասաց.

-Ես հո ձեզ չեմ տեսնում: Աչքերս ցավում են: Հա, Դավուդ... կուզիկը...-Կծեց շրթունքը: -Զգացի, որ ձայնը ծանոթ է ականջիս... Ես էլ Զիբանդեն եմ: ճանաչո՞ւմ եք ինձ:

Ճակատին թափած ծամերը , որ ծածկել էին նրա կես դեմքը, հետ գնացին, ու Դավուդը տեսավ նրա շրթունքի տակի խալը: Մի սուր նետ սրտի տակից խոցեց մինչև կոկորդը: Քրտինքն սկսեց վազել ճակատն ի վար: Նայեց շուրջբոլորը: Ոչ ոք չկար:

Աբուաթա երգի ձայնը մոտեցել էր: Սիրտը թրթռում էր և՝ այնպես արագ, որ շունչը հետ էր դառնում: Առանց որևէ բան ասելու, ոտքից – գլուխ դողալով կանգնեց տեղից: Կոկորդում բռնկված զգացական ալիքը խեղդում էր նրան: Վերցրեց իր ձեռնափայտն ու ծանր քայլերով, մերթ ընկնելով, մերթ կանգնելով, հետ շարժվեց եկած ճամփով և տաշված ձայնով շուրթի տակ ասում էր.

-Դա Զիբանդեն [1] էր: Ինձ չէր տեսնում...Հուշանգը գուցե մարդն էր կամ նշանածը... Ի՞նչ իմանամ...Չէ', չէ'...երբե'ք: Ես պետք է վազ անցնեմ...Ես այլևս չեմ կարողանում...

Իրեն քաշ տվեց մինչև ճանապարհին հանդիպած շան մոտ: Նստեց ու շան գլուխը սեղմեց իր ցցված կրծքին...

Բայց շունն արդեն սատկել էր:


******
«Զենդեհ բէ Գուռ » - «Ողջ-ողջ թաղված» վիպակ: Հեդայաթի հայտնի գործերից:
[1]Դառվազե Դոլաթ» - բառացի նշանակում է Կառավարության Դարպաս, որը եղել է Թեհրանի ելումուտի դարպասներից մեկը
[2]Զիբանդեն - բառացի նշանակում է՝ վայելուչ, սազական նաև՝ գեղեցիկ
********


Թարգմանությունը՝ Խաչիկ Խաչերի
«Զենդեհ բէ Գուռ » պատմվածքաշարից ՝ 1930թ. , Թեհրան


_________________________________________________________
Armweeklynews.am [13.07.2016]
Սադեղ Հեդայաթ - Կուզիկ Դավուդը
© 2010-2017  Կապը »  Contacts Այցելեք » Facebook
Most popular tags
Գարօ Փայլան Երվանդ Քոչար Հռոմի պապ ANCA Nor Zartonq Կիպրոս Ethiopian Music Գրիգոր Զօհրապ Շառլ Ազնավուր Cyprus elections Operation Nemesis սակագներ Data Driven Marvel Disney movies Lucasfilm Netflix Ռուբեն Վարդանյան Helen Fisher  Rouben Sevak  Ara Güler Շանթ  Elisa de Filebo  William Saroyan  Էրոլ Սարաֆեան  Հրանտ Մաթևոսյան
Խաչիկ Խաչեր
  Մշակույթ  
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն -Լուսոյ Տաճարը [06.07.2016]
Երբ մշակութային ժառանգությունդ են թալանում, երբ ինքդ ես զիջում թալանչիին [05.07.2016]
William Saroyan - To Armenians, half Armenians, quarter Armenians, and one-eight Armenians! [03.07.2016]
Հետադարձ հասցեատերն այլևս երկնքում է . հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին [29.04.2016]
ԱՍՏՈՒԱ՛Ծ ԻՄ, ԱՅԴ ՀԱՅ ԱՂՋԻԿԸ - O MY GOD, THE ARMENIAN GIRL [29.05.2016]
Կապոյտ Յիշատակներ Հրդեհուած Մելգոնեանէն (թիւ 2) [29.05.2016]
Վերջին Անգա՞մ…… Պէյրութ - Հալէպ [28.06.2016]
«Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը [14.06.2016]
ՍՓԻՒՌՔՆԵՐ. ՎԱԽՃԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ… ՎԱԽՃԱՆԸ [08.06.2016]
Էրոլ Սարաֆեանի կերտած Կոմիտաս Վարդապետի արձանը Պոլսո պատրիարքարանի մեջ [06.06.2016]
ԱՐԱՔՍ ՓԻԼԱՒՃԵԱՆԻՑ Կարօտի ու թախծի քրոնիկոններ [05.06.2016]
William Saroyan: Kalbin Dili ve Bitlis [05.06.2016]
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ ԵՒ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ ԵԿԵՂԵՑՒՈՅ [03.06.2016]

Rouben Sevak: I sing a last song to my old soul in gloom… [31.05.2016]

 Արխիվ » 2011-2017