Armweeklynews.amՄՇԱԿՈՒՅԹ
 

 

  Արթուր Միկոյան - Ֆատան  

   Հասարակական համընդհանուր դեգրադացման, համամարդկային արժեքների, բարքերի համընդհանուր խեղաթյուրման ծայրաստիճան վատ պայմաններում սկսվեց Մարսի վրա քաղաքի շինարարությունը:
  Չնայած բարձր տեխնոլոգիական սարքավորումների առկայությանը՝ շինարարության ժամանակ խիստ անհրաժեշտ էին մարդկային սևագործ բազմապիսի աշխատանքները: Համաշխարհային ղեկավարությունը որոշում ընդունեց Մարս ուղարկել անուղղելի հանցագործների, օրինախախտների, որոնց գոյությունը երկրագնդի վրա դարձել էր անհանդուրժելի և անիմաստ: Առաջին մարդկանցից էին Էդգարը, Դավիդը և Էդիլը:
 Նրանք ապրում էին Հյուսիսային ծայրամասային բևեռում հանցագործների համար կառուցված Տրոմանակո քաղաքում, չունեին ծնողներ և հարազատներ: Համարվում էին ապօրինի ծնունդներ:
 Էդգարն ուներ կոպիտ, բռնկուն բնավորություն, Էդիլն ավելի շատ հաշվենկատ էր և խորամանկ, իսկ Դավիդը գերզգացմունքային էր և երազկոտ: Նրանց արդեն տվել էին կենցաղային պարագաներ և հագուստ, իսկ սնունդն արդեն տարվել էր Մարս:
  Տիեզերագնացի հագուստ հագցնելով՝ նրանց նստեցրին Մարս գնացող հրթիռը: Էդգարը և Էդիլն առանձնապես ազդված չէին նման որոշումից, իսկ Դավիդը, հայացքը խորասուզած անորոշ կետին, շարունակում էր երազել: Նրանք վերջին անգամ մի բուռ հող լցրեցին իրենց քաղաքում մահացած ծանոթ հանգուցյալի շիրիմի վրա և նստեցին տիեզերանավ Քամին եղյամ էր շարում պաղ տեղատարափի լալկան փսփսոցներում: Բոժոժների զնգզնգոցը չափավորում էր նրանց կրքերը: Տրոմանակոյի լայնարձակ դաշտերը որոշակի տեսք էին ստանում հեռացող խմբի հետքի համապատկերում: Դավիդի լայն խոհերը գետի փայլփլող շողերում երևութական գաղափարներ էին հերթագրում: Ծաղիկների բույրը թռչունների ախորժալուր դայլայլների լսողական հալյուցինացիա էր առաջացնում: Արևի երկարավուն լուսաշերտերը պարում էին խոտի ցողի կաթիլների հետ: Դողով շարժավորված՝ փայլփլուն տերևները մեծավարի քրքջում էին: Քաղաքի բնակիչները հիմարավուն մղումների ազդեցության տակ շիկնում էին՝ նիրհելով հավերժ աղքատության սարսափի մեջ: Արշավախմբի հոգու անծայր ուրվապատկերներն աստիճանաբար հեռանում էին երկրից: Մրջյունները հրաժեշտի դրոշներ էին պարզում հեռացող խմբին համընթաց: Նրանց պղտոր քրտինքը տիեզերանավից դուրս էր սողոսկում, թափվում ներքև, ու հողում աճում էին նոր տեսակի բույսեր: Դավիդը, Էդիլը և Էդգարը պատուհանից ուշադիր նայում էին ցած: Հրթիռը խելահեղ արագությամբ հեռանում էր երկրից: Մի քանի րոպեից նրանց տեսադաշտն սկսեց մթնել, տներն իրար շալակ բարձրանալով՝ խոր քուն մտան, և բնության թվացյալ տաժանակիր անդորրը չքացավ: Տիեզերանավում ևս չորս հոգի էին՝ ավիամեխանիկ Գիդոնը, տեխնիկական սպասարկման մասնագետ Մոշեն, բժիշկ Հովսեփը և արշավախմբի ղեկավար Սիմխան: Խմբի ղեկավարը բժշկին աչքով արեց: Նա Դավիդին, Էդիլին և Էդգարին ինչ-որ քնաբեր սրսկեց: Երբ վերջիններս քնից արթնացան, արդեն հասել էին Մարս: Նրանց հատուկ նշանակության տեխնիկայով իջեցրին Մարսի մակերևույթին՝ կառուցվող քաղաքին մոտ: Մոլորակի նոսր մթնոլորտը տարուբերում էր նրանց: Սիմխայի ցուցումով, նրանց մտցրին կառուցվող քաղաքի մեջ, որը պատված էր դիմացկուն ապակենման մետաղանյութով: Քաղաքի ներսում արհեստական թթվածին կար, և մագնիսական դաշտն ստեղծված էր երկրագնդի պայմաններին համապատասխան:
Դավիդը, գտնվելով Մարսի վրա, անսովոր գերլարված էր: Նա տխրում էր: «Այստեղ միայն հարվածային խառնարաններ են, հրաբուխների անծայր հովիտներ, անպատներ և բևեռային սառցե գլխարկներ: Ես այստեղ փանփրույից կխելագարվեմ»,- մտածում էր Դավիդը՝ անհանգիստ քորելով գլխամաշկը:
Քաղաքը կառուցվում էր Մարսի հասարակածում, որտեղ ջերմաստիճանը հասնում էր + 20-ի: Խումբն արդեն ազատվել էր սաղավարտներից և նստած սպասում էր ցուցումների: Քաղաքի ապակեպատ տարածքից երևում էր մոլորակը: Մարսի՝ բևեռային գլխարկներից դուրս մակերևույթը պատվել էր բաց գույնի եղյամով: Հասարակածից փոքր-ինչ հեռու ձյան փաթիլներ էին երևում, որոնք դեռ մակերևույթին չհասած՝ ցնդում էին: Մարսը պատված էր կարմիր գույնով: Արևը մայր էր մտնում: Մայրամուտի ժամանակ երկինքը զենիթում ստանում էր կարմրավարդագույն, իսկ արեգակի սկավառակի անմիջական մոտակայքում՝ երկնագույն, ապա մանուշակագույն տեսք: Դա ամբողջովին անհարիր էր երկրային պատկերներին: Խմբի անդամները սնվելուց հետո պառկեցին իրար կողքի դրված ռետինե մահճակալներին՝ քնելու: Մթնշաղում ջրային սառույցի միկրոմասիկները ցրում էին ամպերը, և լույսի ցրման արդյունքում երկինքը մանուշակագույն երանգ էր ստանում:
Առավոտն արագ բացվեց: Նրանք լվացվեցին էմալապատ լվացարանում և պատրաստվեցին աշխատանքի: Աշխատանքի բնույթը հիմնականում բեռներ տեղափոխելն էր փոքր, եռանիվ ավտոմեքենաներով: Բեռները հիմնականում տեղափոխում էին Էդիլը և Էդգարը, իսկ Դավիդը հատուկ վերապատրաստման դասընթաց էր անցել և, համակարգչային տեխնիկայի ցուցումով, կառուցում էր քաղաքը: Դեռ մեկ ամիս չէր անցել երկրային ժամանակով, երբ Դավիդի մոտ հալյուցինացիաներ սկսվեցին: Նա Մարսի մակերևույթին տեսնում էր խոժոռված ամպեր, որոնք ծագող արշալույսի նշաններով կերպարանավորված՝ վազում էին հողաշեն խրճիթների մոտ հավաքված երկչոտ սագերի հետևից, որոնք փախչում էին տոչորող տոթի հետապնդումից: Մարսում օրերը մոմեր էին դառնում և վառվելով՝ թափվում Դավիդի աշխատասեղանին: Դավիդը քերում էր սեղանին հալված մոմը և կուլ էր տալիս, որպեսզի օրերն անհետ չկորչեն տիեզերական զառանցանքի միստիկական ալիքներում: Քաղաքից դուրս ժամանակը կարծես կանգ էր առել՝ օտար էակների շարժից զարմացած: Միօրինակությամբ համակված քաղաքի մարդիկ կառչում էին կյանքից՝ գերմարդկային ճիգերով գոյության նոր հիմքեր ստեղծելով:
Մարսյան կյանքի 66-րդ օրն էր, երբ Դավիդը հոգնած ննջում էր համակարգչային տեխնիկայի առջև: Ապակու թակոց լսեց: Աչքերը կիսաբաց անելով՝ տեսավ իր դիմաց կանգնած մոխրագույն մաշկով, թափանցիկ ազդանշանային թարթաթաղանթով երկնագույն աչքագնդերով, գլխին թեթև արագակրակ թնդանոթի նմանվող կատարով չորս մետրանոց մի մարդանման արարածի: Դավիդը փորձեց գոռալ, բայց հյուրը տարօրինակ ձեռքով նշան արեց, որ լռի: Նա մարդուն ոչ հատուկ ժպիտով սկսեց հանգստացնել Դավիդին: Ապա սկսեց խոսել: Խոսելու ընթացքում նրանից սկսեց կանաչ գոլորշի բարձրանալ, որը ներխուժեց քաղաք, իր լպրծուն պատյանով ողողեց Դավիդի շուրջը, և նա սկսեց հասկանալ այդ այլմոլորակայինին: Վերջինս խնդրում էր Դավիդին, որ դուռը բացի ու գնա իր մոտ: Կարիք չեղավ երկար համոզելու: Նա քաղաքի միօրինակ, առօրյա ծանրաքաշ աշխատանքից հոգնած՝ դուրս եկավ ապակեպատ քաղաքից՝ իր ետևից փակելով դուռը: Մոխրագույն մարդակերպը գրկեց նրան և, արագ վազելով, տարավ: Վազելու ժամանակ նա սկսեց խոսել:
-Ես զետիների ցեղից եմ: Անունս Բադալ է: Ինձ ուղարկել են քեզ փրկելու: Մարսն այդքան էլ ապահով չէ, որքան դուք եք կարծում: Ահա նայի՛ր Մարսի արբանյակ Դեյմոսին: Դեյմոսի ուղեծիրը հեռանում է Մարսից: Դեյմոսը, ինչպես և Երկրի լուսինը, գտնվում է սինքրոն ուղեծրից բարձր, որը և հանգեցնում է նրա աստիճանաբար հեռացմանը մոլորակից: Մյուս արբանյակ Ֆոբոսը, հակառակ դրան, գտնվում է այդ ուղեծրից ներքև և աստիճանաբար մոտենում է Մարսին: Այս երևույթների արդյունքում կփոխվեն Մարսի մագնիսական դաշտը և կլիման, Ֆոբոսին բախվելու հետևանքով մոլորակը կկործանվի: Ձեր երկրային ժամանակով դա տեղի կունենա 30 ժամից: Փաստորեն գիտնականները Մարսի վրա քաղաք կառուցելու նախագիծը կազմելիս սխալ հաշվարկների վրա են հիմնվել՝ չունենալով մոլորակի երկարատև անվտանգության երաշխիքի անհրաժեշտություն,- ասաց Բադալն՝ ավելի արագացնելով վազքը: Տարօրինակ էր, որ Մարսի վրա Դավիդը կարողանում էր շնչել: Չէ՞ որ Մարսի մթնոլորտի 95,32 տոկոսն ածխաթթու գազ էր, 2,7-ը՝ ազոտ, 1,6-ը՝ արգոն, 0,021-ը՝ ջրի գոլոշի, և միայն 0,13 տոկոսն էր թթվածին:
-Ես ինչպե՞ս եմ կարողանում շնչել: Ինչո՞ւ շնչահեղձ չեմ լինում,- հարցրեց Դավիդը: Բադալը, թրթռացնելով աչքերը, ծիծաղեց և ոչինչ չասաց: Նրանք մեկ ժամից հասան լեռնային մոտ չորս մետր բարձրություն ունեցող գոգավորության, որն ավելի շատ նման էր ուտիճի: Լեռնանման փոքր զանգվածում անցք կար: Բադալը, Դավիդին գրկած, մտավ անցքի մեջ: Լեռնանման զանգվածը պոկվեց գետնից ու թռավ: Մի քանի րոպե անց Բադալը ուրախությամբ հայտնեց, որ իրենք մոլորակ են հասել:
-Ահա և Ֆատանը: Այստեղ դու քեզ լավ կզգաս: Միայն քեզ մի զգուշացում: Միայնակ չմնաս, այլապես շնչահեղձ կլինես: Այստեղ օդը, մթնոլորտը պայմանավորված են միմյանց հետ համատեղ գոյությամբ: Ֆատանը շատ նման է ձեր երկրագնդին, միայն մեկ տարբերությամբ, որ այստեղ ոչ մի կենդանի արարած միայնակ չի ապրում: Նայիր երկնքին, տեսնո՞ւմ ես միմյանց հետ ճախրող թռչուններին, նայիր շուրջբոլորդ ու կհամոզվես: Ֆատանում մթնոլորտ գոյություն չունի, մենք չգիտենք, թե ինչու է միմյանց գոյությունը մեզ թթվածին մատակարարում: Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք այստեղ՝ այդպես էլ չիմանալով միասին ապրելու կենսատու նշանակությունը,- ասաց Բադալը՝ հեռանալով բազմության կողմը: Դավիդը տեսավ, որ մարդկանց խոսելու ընթացքում կանաչ գոլորշի է բարձրանում և երբ խոսելը դադարեցնում են, գոլորշին կորչում է: Կանաչ գոլորշին հանդիսանում է միմյանց ընկալելու յուրահատուկ միջոց: Ամեն ինչ շատ հարազատ, միաժամանակ տարօրինակ էր: Ճանճերը թռվռում էին մահամերձ մարդկանց ստվերների հետ: Մարդիկ աներևույթ կարեկցանքի թելերով միահյուսվել էին միմյանց: Տները, շենքերը ամեն ինչ մեր երկրի քաղաքային շինությունների նման էին: Այդ մոլորակում գոյի բաղադրամասերը, հենվելով մանուշակագույն միկրոսկոպիկ էլեկտրական տարրերին, երկնքում ակոս էին բացում: Դավիդը մի քանի մարդկանց հետ քայլեց քաղաք-մոլորակի խորքը: Առավոտվա սառնամանիքից խեղճացած՝ թռչուններն արհեստական շնչառություն էին տալիս աստղերի նարնջագույն լույսերին: Դավիդն անսահման ուրախություն էր զգում: Այստեղ ժամանակը երազ էր դառնում մարդկանց զուգահեռվող շնչառության միջտարածքներում և ցնդում օդում: Շուրջբոլորն ամեն շնչող էակ՝ խմբված և զույգերով, քայլում կամ նստած խոսում էր: Դավիդն աչքերը փակ հեռանում էր միայնության մոռացված անդրաշխարհից:
Ճչացող ոգու հրճվաշխարհում բոլոր կենդանիները քրտինքից բողբոջած ծաղիկների հյութով օրհնում էին մարդկանց:
Երաժշտությունը թափվում էր ամառվա բրոնզե երանգների հնչողությամբ: Ֆատանում մարդկային էակները շարժվում էին ձիթապտղի բույրի ռիթմիկայով: Դավիդն աշխատում էր ետ չմնալ քաղաքում քայլող մարդկանցից: Օրը մթնում էր: Դավիդը գաղափար անգամ չուներ, թե որտեղ է գիշերելու: Քաղաքի շուրջբոլորը տարածվող լեռներն սկսեցին շարժվել և բարձրանալ վերև: Երբ ամբողջովին մթնեց, լեռները գլխիվայր կախվեցին քաղաքի վրա: Լեռների բարձրությունը հողի մակերևույթից կազմում էր մոտ 200 մետր: Լեռներից սկսեցին թափվել տարբեր տեսակի միջատներ, վայրի կենդանիներ, որոնք օդում ցնդում էին՝ վերածվելով զանազան նախշաձև գունապատկերների: Դավիդը, հայացքը երկնքին հառած, դիտում էր միմյանց հետ պար բռնած գունապատկերների անսովոր խաղը: Իրար հրմշտելով դեպի պատկերները վազեցին վրձնով ու կտավով մի խումբ նկարիչներ: Նրանք սկսեցին արագ կտավին հանձնել հարափոփոխ փախչող գույնզգույն տեսարանների հրաշքը: Լեռներից մի ծառի ստվեր ձգվում էր թիթեռանման քերովբեների հրացոլքի մեջ: Դավիդը, հոգնելով իրար հաջորդող պատկերներին նայելուց, գլուխը կախեց: Նա հիմա միայն մտածում էր քնելու մասին: Մի երկդեմք տղամարդ, օդապարիկին անցկացնելով արշալույսներով լցված ծրարները, բաց էր թողնում երկինք: Հավանաբար նրան դուր չէր գալիս լեռան հրաշքը: Դավիդի հայացքն առաջ էր անցնում իր սեփական գիտակցությունից՝ երկփեղկելով նրա եսը: Դավիդն աչքերը փակեց և տեսավ Տրոմանակոյի դաշտերում ծաղիկներին սիրահետող մեղուներին, որոնց ամեն համբույրից վարդի թերթերը պոկվում էին՝ ճանապարհներ գծագրելով պտուտակաձև երազներում տեղում դոփող խորհրդավոր միլիվայրկյաննրի անլսելի թկթկոցներին: Դավիդն աստիճանաբար սկսեց շնչահեղձ լինել, աչքերը բացեց: Շուրջբոլորը ոչ ոք չկար: Նա միայնակ կանգնած էր: Մարդիկ հեռացել էին գույնզգույն պատկերների հետևից: Նշմարվում էր նրանց աննյութեղեն հետքը: Դավիդն իրեն թափ տալով վազեց նրանց հետևից: Վազելու ընթացքում հասկացավ, որ մինչև նրանց հասնի, կմահանա: Որքան ուժ ուներ գոռաց իրեն ծանոթ միակ մարդանմանի անունը.
-Բադա՜լ:
Ձայնը մի պահ սառեց օդում, այնուհետև մթության մեջից դուրս եկավ կայծոռիկների հորիզոնական շարված շարասյունը: Նրանցից առաջինը բռնեց սառած ձայնը ու փոխանցեց հաջորդ կայծոռիկին: Դավիդի բացականչությունը միլիվայրկյանների արագությամբ իրար փոխանցելով՝ ուղարկում էին անհայտ մի ուղղությամբ: Մի վայրկյան հետո հայտնվեց Բադալը: Նա վազեց ու գրկեց Դավիդին: Բադալը թրթռացող կատարով մեղմ սյուք փչեց Դավիդի ճակատին: Դավիդի շնչահեղձությունը դադարեց:
-Այսօրվանից միշտ իմ տանը կմնաս: Չեմ կարող քեզ բախտի քմահաճույքին թողնել,- ասաց Բադալը և նրա ձեռքը բռնելով քայլեց դեպի ետ՝ կայծոռիկների աստիճանաբար նոսրացող շարասյան ուղեգծով: Նրանք հասան մի պուրակի, որտեղ բազմաթիվ ծառեր կային: Այստեղ մի խրճիթանման փայտե տուն կար: Նրանք ներս մտան: Տանը Դավիդին ընդառաջ եկան միջին տարիքի երիտասարդ զետի կանայք:
-Բարև ձեզ: Նրանք քո կինն ու դո՞ւստրն են,- հարցրեց Դավիդը:
-Հա, մենք նրա ընտանիքն ենք,- ասաց տարեց կինը՝ Դավիդին հրավիրելով նստելու: Տունը երկու սենյակ ուներ: Հյուրասենյակում մի մահճակալ էր դրված՝ հնաոճ երկաթե ոտքերով: Դավիդն իրեն արդեն պատկերացնում էր պառկած: Բադալը տեղավորվեց բազկաթոռին, սկսեց խոսել:
-Սա իմ կինն է՝ Ալիզան, իսկ մյուս գեղեցկուհին իմ աղջիկն է՝ Ռաքելը: Իսկ Դավիդը Ֆատանի նրբանկատներից է,- ասաց Բադալը՝ ծանոթացնելով Դավիդին իր ընտանիքի անդամների հետ: Վերջիններս ժպտալով գլուխ խոնարհեցին: Ալիզան թեյ առաջարկեց Դավիդին, որը մեխանիկորեն գլխով համաձայնության նշան արեց: Մի քանի րոպեից Ռաքելը զարդաքանդակներով պատված մեծ բաժակով թեյ մատուցեց:
-Սա հատուկ խոտաբույսով թեյ է, որն արագ հանում է հոգնածությունը և վերացնում բոլոր տիպի ցավերը: Խոտաբույսը կոչվում է իգբալա: Խմեք ու արդեն կարող եք պառկել: Ձեր անկողինը պատրաստ է,- ասաց Ռաքելը՝ նստելով Դավիդի կողքի աթոռին: Դավիդը շնորհակալություն հայտնեց: Արագ խմեց թեյը և գնաց, պառկեց երկաթե ոտքերով մահճակալին: Երբ գլուխը դրեց բարձին, Դավիդն անմիջապես կարոտ զգաց: Նա հիշեց ընկերներին՝ Էդգարին ու Էդիլին: Դավիդը, անկողնու մեջ նստելով, խոսեց լացակումած ձայնով:
-Խնդրում եմ, Բադալ, փրկիր Էդիլին ու Էդգարին: Արդեն քիչ ժամանակ է մնացել, շուտով Մարսը կկործանվի: Նրանց բեր Ֆատան: Իհարկե, այստեղ բոլորը սովորական մարդկանց են նման՝ բացի ձեր ընտանիքից, բայց ես խորթություն և օտարություն եմ զգում,- ասաց Դավիդը՝ հուսահատ հայացքով նայելով Բադալին: Վերջինս ոտքի կանգնեց, մոտեցավ Դավիդին ու նստեց անկողնու եզրին:
-Մեր ընտանիքը դարերով արդեն պահպանում է այս փոքր մոլորակի անարատությունը: Քո ընկերներն այստեղ ավազակությամբ ու թալանով են զբաղվելու: Ես լավագույն դեպքում կարող եմ նրանց փրկել և ուղարկել իրենց մոլորակ: Նախօրոք ասեմ՝ զուր չփորձես համոզել, ուրիշ ոչ մի խնդրանք, միևնույն է, չեմ ընդունելու: Ես հենց հիմա կգնամ Մարս,- ասաց Բադալը՝ դուրս գալով տնից: Դավիդը հանգիստ շունչ քաշեց, սրբեց արցունքներն ու կողաշրջվելով դեպի պատը՝ խոր քուն մտավ:
Դավիդն իր մկանների մեջ տեղավորեց Ֆատանի գիշերվա երկինքը և գնաց թափառելու հոգիների տևական անհետացման բզզոցներում:
Գիրավուն կնոջ ականջում հրեշտակը փռշտաց, և Դավիդն արթնացավ հնդկական սրինգի հնչյուններից: Փխրուն, անորոշ զանգը տրտնջալով ռեքվիեմ էր հորինում արևամուտի մասին: Դավիդը հորանջելով վեր կացավ անկողնուց: Տանը ոչ ոք չկար: Նա դուրս ելավ տանից: Արևի լույսը տրոփող քնքշությամբ ծորալով ընկավ Դավիդի գլխին՝ ներծծվելով նրա սևաթույր գանգուրների մեջ: Նա իր ճմլված հայացքով փորձում էր օրվա ծանոթ պատկերները որսալ: Լսվեց Ալիզայի մեղմօրոր երգի ձայնը: Դավիդը քայլեց ձայնի ուղղությամբ: Ալիզան կռացած հատապտուղներ էր հավաքում այգում: Նա, Դավիդին տեսնելով, կապույտ սալոր շպրտեց: Դավիդը բռնեց, չլմփացնելով սկսեց ուտել:
-Բադալը դեռ չի՞ վերադարձել: Տեսնես կարողացա՞վ փրկել ընկերներիս: Ռաքելը որտե՞ղ է,- ասաց Դավիդը՝ մոտենալով Ալիզային:
Ալիզան նստեց հողին՝ ձեռքերով հենվելով գետնին, և ասաց.
-Բադալն առավոտյան շուտ վերադարձավ, ասաց, որ ոչ միայն քո ընկերներին է փրկել, այլև ողջ մարսյան անձնակազմին: Մարսը ուր որ է կպայթի: Նա Ռաքելին վերցրեց իր հետ և տարավ դիտելու ծովախեցիներից պատրաստված առարկների ցուցահանդեսը: Գնա՛, տան աջ կողմի ծորակը բա՛ց, լվացվի՛ր: Հիմա ես քեզ նախաճաշ կտամ:
Դավիդը գնաց, տան կողքի ծորակը բացեց, լվացվեց և մտավ տուն: Ալիզան նրան խաշած ձու և պանիր հյուրասիրեց, ապա նաև թեյ: Դավիդը հիմա առավել քան հանգիստ էր և ուրախ, որ ընկերները և մարսյան անձնակազմը փրկված են:
Օդը գրկախառնվել էր լեռների արձագանքներին և ճոճվում էր՝ ծառերից ու ծաղիկներից կախված: Դավիդը նախաճաշեց, խմեց թեյը և դուրս եկավ տնից: Երկրաբնակի հոգեբանությամբ նա իր հարմար նոր արկածներ և հետաքրքրություններ էր փնտրում: Դուրս եկավ պուրակից և քայլեց քաղաքի ուղղությամբ: Քայլելու ընթացքում նկատեց, որ սխալ ուղղությամբ է գնում, և քաղաքը չի նշմարվում: Դավիդը քայլելով հասավ մի մարգահովտի: Այնտեղ կարմրամանուշակագույն օդով շրջապատված մի ճոճանակ կար: Կինը երեխայի հետ խաղում էր:
«Նորից շնչահեղձություն: Ես չպետք է մենակ մնայի: Հարկավոր է արագ հասնել նրանց»,- մտքում ասաց Դավիդը և վազեց նրանց ուղղությամբ: Հասնելով նրանց՝ շնչակտուր կանգնեց: Կինը և փոքրիկ երեխան չարձագանքեցին նրան: Երեխային ճոճօրորելու ընթացքում կնոջ ձեռքի ամեն մի հպումից սպիտակ փրփուր էր դուրս գալիս: Դավիդը ողջունեց նրանց: Սակայն նրանք անհաղորդ էին մնում: Սպիտակ փրփուրների մեջ կնոջ մարմինը մեղմ օրորվում էր: Դավիդն ուսումնասիրում էր տեղանքը և ուրիշ մարդ էր փնտրում, որ հեռանա նրանցից: Աստիճանաբար կնոջ և երեխայի պատկերը խամրում էր, և երեխայի քունը, եթերանալով, չքացրեց տարօրինակ պատկերների տևողությունը: Դավիդը մնաց մեն-մենակ՝ ճոճանակի մոտ կանգնած: Նա սկսեց մահվան սարսափից փշաքաղված ուժեղ և անկանոն գոռալ:
-Հե՜յ, հե՜յ, ո՞վ կա այստեղ:- Ոչ ոք նրա ձայնին չէր արձագանքում: Կտրուկ շնչահեղձությունն ընկճեց նրա միտքը: Դավիդը նստեց ճոճանակին՝ ամուր բռնելով պարանները: Նստելով ճոճանակին, նա, փոքրանալով, երեխա դարձավ: Նորից հայտնվեց կինն ու սկսեց ճոճել իրեն: Դավիդի շնչահեղձությունը դադարեց: Օրորվելու ընթացքում նորից սպիտակ փրփուրներ էին դուրս գալիս: Դավիդը, մեղմ ճոճվելուց թմրած, ննջեց ու քնեց: Երբ աչքերը բացեց, դաշտում չէր: Դավիդը հայտնվեց մի տեղանքում, որտեղ աշխույժ շինարարական աշխատանքներ էին ընթանում: Աշխատողները տղամարդիկ, կանայք ու երեխաներ էին, որոնք տանջված, չարչարված տեսք ունեին: Դավիդին տեսնելով՝ զետիների նմանվող մի քանի էակներն արագ եկան նրա մոտ, բռնեցին նրան, ձեռքերին ու ոտքերին շղթաներ անցկացրին ու հրեցին աշխատող մարդկանց մեջ:
-Հը՜ն, դո՞ւ էլ ընկար նրանց ծուղակը: Կինը, երեխան և ճոճանակը շատ են խորհրդավոր: Դա նրանց տարանցիկն է դեպի Ֆատան: Մենք այստեղ բոլորս Ֆատանից ենք: Դե հիմա մեզ նման գիշեր-ցերեկ ստրուկի նման աշխատիր:
-Բարի գալուստ զետիների Սավո աշխարհ,- ջղագրգիռ ծիծաղելով ասաց մազոտ մաշկով, թխահեր տղամարդը: Դավիդը հուսահատ նստեց աշխատող մարդկանց մեջ: Նա ինչքան ուժ ուներ՝ գոռաց.
-Բա՜ադաալ:
Նրա ձայնից հանկարծ ամեն ինչ անշարժացավ: Օդն սկսեց տեսանելի դառնալ ու կարծրանալով ճաքճքել:
-Նա ի՞նչ անուն է ճչում: Այդ ո՞վ է,- չորս կողմից լսվեցին մարդկանց վախվորած քրթմջոցները: Փաստորեն Բադալի ու նրա ընտանիքի մասին ոչ ոք չգիտեր: Սառչող օդի ճեղքից դուրս եկավ Ռաքելը, արագ մոտեցավ Դավիդին, գրկեց նրան ու նորից մտավ նույն օդի ճեղքի մեջ: Դավիդը Ռաքելի հետ նորից հայտնվեց մարգահովտում՝ ճոճանակի մոտ: Նա ամուր գրկել էր Դավիդին ու հեկեկում էր:
-Դու մեզ այնքա՜ն վախեցրիր: Ինչո՞ւ ես ինքնուրույն զբոսնում: Չգիտե՞ս, որ Ֆատանը լի է անակնկալներով ու բազմաբնույթ վտանգներով: Գիտե՞ս, որ եթե փորձեմ նրանց էլ փրկել, զետիները կգտնեն Ֆատանի տեղը: Նրանք այստեղ ունեն իրենց ծառաները, բայց երբեք չեն եղել այստեղ: Նրանք, չիմանալով այլ մոլորակների մասին, իրենց ստեղծած էակներին բաց են թողնում տիեզերական անծայր տարածությունում, որոնք ծուղակներ սարքելով Սավո են ուղարկում զանազան մարդկանց ու մարդանմանների: Զգույշ եղիր, այլևս չփորձես մեկ քայլ անգամ անել առանց մեզ,- ասաց Ռաքելը՝ Դավիդի ձեռքից բռնած գնալով տուն:
Ժամանակի ընթացքում Դավիդը դարձավ Ֆատանի լիակատար բնակիչ: Նա սիրահարվեց Ռաքելին ու ամուսնացավ նրա հետ: Նրանք ունեցան մեկ աղջիկ և մեկ տղա: Երեխաները, լինելով այլմոլորակայինի և Երկիր մոլորակից եկած մարդու սերունդ, անսովոր գեղեցիկ էին և խելացի: Դավիդը պուրակում ծաղիկներ էր աճեցնում և վաճառում Ֆատանի բնակիչներին: Բացի այդ նա, ուսումնասիրելով ծաղկահյութերը, դրանցից օծանելիքներ, դեղանյութեր ու բազմաթիվ հյութեր էր պատրաստում: Ռաքելը, Բադալը և Ալիզան օգնում էին նրան: Նա տարին մեկ աստիճանանման փոքր լեռով Բադալի, իր կնոջ և Ալիզայի հետ տիեզերական զբոսաշրջության էր գնում՝ մեկընդմեջ այցելելով նաև Տրոմանակո:
Դավիդը երջանիկ էր իր ընտանիքի հետ նոր աշխարհում:
Ֆատանում ջրի պղպջակներն ամեն օր թեքվում էին դեպի կեսօրվա ոտնահետքերը՝ վարսեր փռելու ծառերի կատարներին թառած անմեղ թռչունների վրա: Դրսի հռնդյունը փորձում էր խցկվել Ֆատանի լուսամուտներից ներս, սակայն բախվելով մարդկանց շնչառության կանաչ ճաղավանդակին՝ ընկնում էր ցած: Նրա մտապատկերում արդեն վաղուց ցնդել էր Երկիր մոլորակի անփոխարինելիության և անկրկնելիության մասին մտացածին միֆը:
Քամու ծածուկ ստվերները, արտասուքի սերմերն արմատախիլ անելով, թափում էին Ֆատանից դուրս: Այս ամենը՝ Ֆատանը և ողջ իմացյալը, երկու անհայտ աչքերի գծային հավասարման ծնունդ են, որը երբեք չի սաստի մանկական երազանքների թովչանքը և լույսերի թևավորված բլրակներին կես ճանապարհից ետ չի կանչի:


--------------------------------------------------------------
Armweeklynews.am [06.02.2017]
Արթուր Միկոյան - Ֆատան


© 2010-2017  Կապը »  Contacts  Այցելեք » Facebook
Most popular tags
 Գարօ Փայլան  Երվանդ Քոչար  Հռոմի պապ ANCA Nor Zartonq  Կիպրոս Քեսապ  Գրիգոր Զօհրապ  Շառլ Ազնավուր  Cyprus elections  Operation Nemesis  Վահան Թէքէեան  Data Driven  Marvel  Disney movies Lucasfilm  Netflix  Ռուբեն Վարդանյան  Helen Fisher   Rouben Sevak  Ara Güler  Շանթ   Elisa de Filebo   William Saroyan   Մելգոնեան Կրթական  Հրանտ Մաթևոսյան
Artur Mikoyan
  Մշակույթ  
ԱՍՏՈՒԱԾ ՔՈՒ ԱՄԵՆԷՆ ՏԿԱՐ ՏԵՂԴ ԶՕՐԱՑՆԷ [29.01.2017]
Իմ Անցագրիս Հարցերը [26.01.2017]
21 Յունուար Բանաստեղծութեան Իշխան Վահան Թէքէեանի Ծննդեան Տարեդարձն Է [21.01.2017]
Հայ ուսուցիչը զոհողութեամբ պէտք է աշխատի ... [18.01.2017]
ԵՍ ՔՈ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՆՄՇԱԿ ՇՐՋԱՆԱԿՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԼԻՆԵԼ [15.01.2017 ]
Մելգոնեանի Մեր Ուսուցիչները -Վահրամ Մավեան [11.01.2017]
ԽԱՉԱՏՈՒՐ Ա. ՔՀՆՅ. ՊՕՂՈՍԵԱՆ-ՏԱՐԵՄՈՒՏԻՆ [24.12.2016]
ԶԱՀՐԱՏ- ԿԱՂԱՆԴ ՊԱՊԱՅԻՆ ՄՕՐՈՒՔԸ [24.12.2016]
ՇՈՒՆ ԷԱ, ՊԱԹ, ՇՈՒՆ ՉԷ՛Ա... [22.12.2016]
Վահրամ Մավեան - սփիւռքի ամենէն վաւերական գրագէտներէն [22.09.2016]
Վարդգէս Գուրուեան - Մելգոնեանի Ուսուցիչները [12.12.2016]
ԱՐՓԻԿ ՓԱՓԱԽՉԵԱՆ - Մի՛ ուշացիր ... [08.12.2016]
Վերասլաց Պահ Մը Հայկ Ազարեանի Ստեղծագործութեան [23.11.2016]
 Արխիվ » 2011-2017